«Սփյուռքի կառույցների 600 և ավելի ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին».Հրանուշ Հակոբյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:
«Նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին: Այս տարի 600 և ավելի սփյուռքի կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ղեկավարությունը և բոլոր համահայկական կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Կաթողիկե պատրիարքը և մյուս բոլոր առաջնորդները:
Համաժողովի բացումը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կբացի հանրապետության վարչապետը:
Տեղի կունենան երեք լիագումար և ըստ ուղղությունների չորս նիստեր: Օրակարգում կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, երկրորդը՝ սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, երրորդ հարցը կվերաբերի լեզվի պատշպանությանը և մամուլին, չորրորդ հարցը՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերի կատարելագործմանը: Այս համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև զանգվածային լրատվամիջոցների 7-րդ համաժողովը, որին մասնակցելու են 120 խմբագիր սփյուռքից և Հայաստանի մամուլի ներկայացուցիչները:
Նախապատրաստական բոլոր աշխատանքները համապատասխան գերատեսչությունների, նախարարությունների, կառույցների հետ մենք իրականացնում ենք: Ակնկալում ենք, որ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն համաժողովին և քննարկումներին»,- իր խոսքում ասել է Հրանուշ Հակոբյանը:
Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: