Կայացավ Հայաստան Սփյուռք 5-րդ համաժողովի «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը» թեմատիկ նիստը

Սեպտեմբերի 19-ին մեկնարկած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովն ընթանում է չորս հիմնական ուղղություններով:

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանդատապարտման ևհետևանքների վերացման գործընթացը» թեմատիկ նիստում հնչեցին ելույթներ և տեղի ունեցան քննարկումներ հետևյալ թեմաների վերաբերյալ.«Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացըմիջազգային հանրության կողմից», «Մշակութային ցեղասպանության հիմնահարցերը», «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների իրավական հիմնախնդիրները», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկների և միջոցառումների մասին»:

Բանախոսները ներկայացրին կատարված աշխատանքներն ու հանդես եկան առաջարկություններով` Ցեղասպանության 100-րդ տարելիցին գլխավոր նպատակ ընդունելով հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը:  Նիստի ընթացքում լսվեցին տարբեր երկրների ներկայացուցիչների զեկույցներ, այդ թվում` տարածաշրջանային հարցերին վերաբերող ելույթներ, որտեղ ներկայացվեցին ընթացիկ հիմնահարցերը, իրականացվող աշխատանքները՝ հաշվի առնելով ստեղծված միջազգային իրադրությունը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Արտակ Զաքարյանը հանդես եկավ  «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» զեկուցումով:

Բանախոսն անդրադարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին փաստաթղթին՝ 1915թ. մայիսին Անտանտի երկրների կողմից ընդունված հռչակագրին, որով Հայոց ցեղասպանությունը որակվեց «մեծագույն հանցագործություն»: Այնուհետև ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած հիմնական բանաձևերն ու հայտարարությունները:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանությունը անհերքելի իրողություն է: Այնուհետև նա անդրադարձավ թանգարան-ինստիտուտի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկվելիք միջոցառումներին՝ կարևորելով հիմնախնդիրների արծարծումն ու լուծման ուղիների մշակումը:

ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ, ՌԱԿ Հորդանանի շրջանային վարչության ատենապետ Ներսես Ներսեսյանը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հորդանանի հանձնախմբի հարաճուն ծրագրի վառ տենդենցիան» ելույթում ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հորդանանահայ համայնքում մինչ օրս իրականացված և իրականացվելիք ձեռնարկները:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեննեթ Հաչիկյանը կարևորեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախանշված միջոցառումները համակարգված և նպատակաուղղված ձևով կազմակերպելու և անցկացնելու, հատուցման, հայոց պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ միասնական պայքարի վարման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հինգերոդ համաժողովի լիագումար նիստում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությանը Սիսի Կաթողիկոսարանը իր իրավատիրոջը՝ հայ եկեղեցուն և հայ ժողովրդին վերադարձնելու վերաբերյալ մոտ ապագայում Թուրքիայի դեմ ներկայացվելիք դատական հայցին՝ բանախոսը  կարևորեց այդ հարցում միասնական վարքագծի դրսևորումը և Հայ դատի հանձնախմբերի պատրաստակամությունը՝ աջակցելու Վեհափառին:

Քեննեթ Հաչիկյանը կարևորեց նաև Հայաստանի Հանրապետության դերակատարությունը Հայոց պահանջատիրության հարցում, ինչպես նաև Սփյուռքի համախմբված գործունեության անհրաժեշտությունը այդ հարցում ՀՀ-ի հետ համատեղ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հանդես եկավ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից անդին՝ հատուցման և իրավունքի հանգրվան» զեկուցումով, որում նա հանգամանորեն անդրադարձավ ՀՅԴ կողմից մշակված հատուցմանը վերաբերող դրույթային կետերին:

Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի ղեկավար Մհեր Գարագաշյանը հանդես եկավ «Թուրք–ադրբեջանական հակահայկական պայքարի դեմ հանդիման.100-րդ տարելիցը որպես անկյունադարձ» ելույթով: Բանախոսը կարևորեց համակարգված կառուցակարգերի մշակումն ու իրականացումը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հարցում, ինչպես նաև Հատուցման փաթեթի հրապարակի վրա դնելու գործոնը: Նա կարևորեց նաև Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված մյուս ժողովուրդների հետ համագործակցությունը և միասնական պայքարի վարումը:

ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական ծառայության պետ Վլադիմիր Վարդանյանը «Հայոց ցեղասպանության պատժելիության միջազգային իրավական հիմքերի իրավահարցը.առկա լուծումներ և արդի հիմնախնդիրներ» ելույթով հանդես եկավ, որում նա հանգամանորեն անդրադարձավ ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժի մասին» կոնվենցիային, մասնավորապես կոնվենցիայի առաջին և 9-րդ հոդվածներին: Վ. Վարդանյանը կարևորեց թուրքական իշխանությունների պարտավորությունները հայ ժողովրդի հանդեպ, մասնավորապես կանգ առավ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի միջազգային փաստաթղթերին, որոնցով Օսմանյան կայսրության վրա հստակ պատասխանատվություն էր դրվում:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի վարիչ-տնօրեն Վաչե Ղահրամանյանը ներկայացրեց Թուրքիայի վարած քաղաքականությունը Ավստրալիայի հետ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը չարծարծելու, մերժողական քաղաքականություն վարելու հարցում:

Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը «Փերինչեքի գործը և դրա ազդեցությունը Հայոց ցեղասպանության  միջազգային  ճանաչման գործընթացի վրա» ելույթում նշեց, որ Փերինչեքի գործը միջազգային դատական ատյանի առաջին անդրադարձներից մեկն է խնդրին և իրավական առումով տարբերվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի սովորական կրկնվող որոշումներից: Բանախոսն այնուհետև հանգամանորեն անդրադարձավ Շվեյցարիայի դատարանի ոչ հիմնավոր որոշմանը, թույլ տված շեղումներին՝ արդար վճռի կայացման հարցում կարևորելով ազգային դատարանների դերը:

Հայ դատի Մերձավոր Արևելքի գրասենյակի տնօրեն Վերա Ջուլհաճյան- Յակուբյանը իր ելույթում ներկայացրեց 2005թ. Լիբանանում հիմնված Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի գործունեությունը, որն ընդգրկում է Միջին Արևելքի արաբական և իսլամական երկրները, հատկապես Լիբանանը, Սիրիան, Իրանը, Եգիպտոսը և Ծոցի երկրները:

Թեհրանի թեմական խորհրդի ատենապետ Արա Շահնազարյանը «Թեհրանի թեմում Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների վերաբերյալ» զեկույցում կարևորեց 1915-1916թթ. իրանական մամուլում առկա Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերի հավաքագրումն ու թարգմանությունը տարբեր լեզուներով, Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի թարգմանությունը պարսկերեն լեզվով: Բանախոսը կարևորեց նաև ապրիլի 24-ը Իրանում որպես ոգեկոչման օր նշելու հանագամանքը, ինչպես նաև ԻԻՀ խորհրդարանում 2 հայ պատգամավորների առկայությունը, ովքեր ևս նպաստում են հարցի արծարծմանը:

Բանախոսը շեշտը դրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նպատակային անցկացման վրա՝ նշելով, որ 100-րդ տարելիցը մեր պայքարի վերջնակետը չէ, այլ նոր աշխատանքի սկիզբ:

Վերջում տեղի ունեցավ քննարկում: Սեպտեմբերի 20-ին թեմատիկ նիստի աշխատանքները շարունակվելու են:

Scroll Up