Ամանորյա յուրատեսակ նվերներ սիրիահայերի կողմից

Սիրիահայերը, հաստատվելով Հայաստանում, նոր գույն ու որակ հաղորդեցին Հայաստանի արտադրական տարբեր ոլորտներում:Այս ամենի վառ ապացույցներից էր ՀՀ սփյուռքի նախարարության,«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ–ի նախաձեռնությամբ՝ արդեն ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական երկօրյա ցուցահանդես–տոնավաճառը, որ տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ից 24-ը:
«Հայերն այսօրը» զրուցել է ցուցահանդես–տոնավաճառի մասնակից սիրիահայերի հետ, ովքեր ոչ միայն ներկայացրին իրենց արտադրանքը, այլ նաև հանդես եկան ամանորյա բարեմաղթանքներով:
Միքայել Կարապետի խոսքերով՝ ՀՀ սփյուռքի նախարարության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած ցուցահանդես-տոնավաճառները մեծ հնարավորություն են տալիս ներկայացնելու իրենց մշակույթը: Բացի այդ, նոր հաճախորդներ են ձեռք բերում, ինչն էլ հեշտացնում է հետագա աշխատանքը:
Միքայելը նման ցուցահանդեսներին ցուցադրում է է ոսկյա և արծաթյա զարդեր, որոնք հենց ինքն է պատրաստում: Չորս տարի է արդեն, որ Հայաստանում այս գործունեությամբ է զբաղվում: Նա նկատել է, որ Հայաստանում մարդիկ բարձր ճաշակ ունեն. բազմիցս համոզվել է այս հարցում:
Զարմինե Մինասյան–Թոքատլյանը երեք տարի առաջ է Սիրիայից վերադարձել Հայաստան: Ամուսնու հետ Հալեպի ավանդական ճաշատեսակներ է պատրաստում ու վաճառում: Չեն դժգոհում, փորձում են հարմարվել միջավայրին և առաջ գնալ:
Երևանում արդեն խանութ են վարձակալել, որտեղ ուտեստեների մեծ տեսականի են վաճառում, ինչպես նաև պատվերներ ընդունում: Տիկին Զարմինեն նկատել է, որ հայաստանցի կանայք շատ են սիրում ճաշատեսակները, հատկապես Հալեպի իշլի-քուֆթան են հավանում և հաճախակի գնում:Նա սիրով է մասնակցում կազմակերպվող ցուցահանդես-տոնավաճառներին. այն իրենց արտադրանքը լայն զանգվածներին ներկայացնելու և իրացման աղբյուրներ փնտրելու դռներ է բացում:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Զարմինե Թոքատլյանը Հայաստանին խաղաղություն, ժողովրդին բարեկեցիկ կյանք մաղթեց, իսկ սահմանին գտնվող զինվորներին՝ անվտանգ ծառայություն: Վերջում նա նշեց, որ Հայաստանում, իհարկե, նշում են տոները՝ ամեն կերպ փորձելով պահպանել Հալեպի շունչն ու ոգին:
Դալիթա Քահքեջյանը վստահեցնում է, որ իրեն Հայաստանում լավ է զգում: Այստեղ նա հրուշակագործությամբ է զբաղվում և համեմունքներ վաճառում: Համերաշխ աշխատում են ազգականի հետ:
Տիկին Դալիթան իր հաճախորդ կանանց հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ է, նույնիսկ մշտական հաճախորդներ էլ կան, ովքեր գնումներ կատարելուց բացի, գալիս են պարզապես զրուցելու և բաղադրատոմսեր հարցնելու:
Շատ է ոգևորվում, երբ նրանք զանգահարում են և գոհունակության խոսքեր ասում պատրաստած համեղ ուտելիքների համար:
Տիկին Դալիթան հիշեց, որ Հալեպում Նոր տարին միշտ հարազատների շրջապատում ուրախ մթնոլորտում են նշել, հատկապես Սուրբ Ծնունդին են անհամբերությամբ սպասել: Այս օրերի ամենամեծ երազանքը Ամանորն ու Սուրբ Ծնունդը նորից Հալեպում անցկացնելն է:
Իսկ Աղավնի Գեղամյանը ցուցահանդես-տոնավաճառին իր ձեռագործ աշխատանքներով ներկայացավ: Տիկին Աղավնին տնային պայմաններում է պատրաստում և վաճառում դրանք: Դեռ այդքան էլ շատ չեն հաճախորդները, սակայն չի վհատվում: Հավատում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ լավ կլինի և ճանաչում ձեռք կբերի: Այդ հույսով էլ մասնակցում է այս նախաձեռնությանը, որին ներկայացել է տոնական պատկերներ խորհրդանշող ձեռագործերով:
Գևորգ Չիչյան