Աղթամարի Սուրբ Խաչում մատուցվել է ամենամյա պատարագը

Ուխտավորները սեպտեմբերի 7-ին մասնակցել են Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, թեպետ պատարագի ժամանակ եկեղեցու ներսում տեղավորվել էր շուրջ 70 մարդ, սակայն կղզի այցելածների թիվը անցնում էր 200-ը: Արդեն հինգերորդ ամենամյա պատարագը մատուցել է Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Ելույթի ժամանակ Աթեշյանը, հիշատակելով Սիրիայում, Իրանում, Իրաքում, Գազզայի հատվածում տեղի ունեցող արյունահեղությունները, կոչ է արել բոլորին աղոթել «երկրի և աշխարհի խաղաղության համար»: Նա հիշեցրել է, որ կրոնի անունից իրականացվող սպանություններն ու հանցագործությունները չեն կարող ընդունելի լինել և դեմ են «Սուրբ գրքին»: Նա նաև անչափ կարևորել է առաջին անգամ Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվող պատարագին Հույների տիեզերական պատրիարքի` Բարդուղիմեոսի ներկայութունը:

Արարողությունից հետո իր շնորհակալական խոսքն է հայտնել Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքը: Սուրբ Խաչի պատարագին ներկա են եղել նաև ԱՄՆ Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ասորական ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Գևաշի քաղաքապետ Սինան Հաքանը, Ադանայում ԱՄՆ հյուպատոսը և այլք:

Պատարագի ավարտին հայերն ու քրդերը երգեր են կատարել: Ավելի ուշ ներկաները Գևաշում մասնակցել են «Խաղաղության սեղանին»:

Մանրամասները՝ Armenpress.am կայքում:

Scroll Up