Ալեք Բաղդասարյան. «Ասմունքի հաջորդ համահայկական փառատոնը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին…»

Օգոստոսի 4-8-ը Արցախի Շուշի քաղաքում «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացավ Ասմունքի համահայկական երրորդ փառատոնը: Փառատոնի նպատակն է օտար ափերում գտնվող մեր հայրենակիցներին ծանոթացնել հայ մշակույթին, արվեստին, ինչպես նաև` նպաստել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Ալեք Բաղդասարյանը, ով Ասմունքի համահայկական փառատոնի կազմակերպիչներից է, տեղեկացրեց, որ այս տարի փառատոնին մասնակցելու են եկել շուրջ 90 պատանի և աղջիկ` Լիբանանից, Իրանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Սիրիայից, Արցախից և Հայաստանից:

Փառատոնային օրերը շատ լավ են անցել, պատրաստված երեխաներ են եղել, ովքեր փայլուն ելույթներ են ունեցել: Նրանք հնարավորություն են ունեցել մյուս երկրների մասնակից երեխաների հետ շփվել, մտքեր փոխանակել, ինչն էլ գովելի փաստ է:

Օգոստոսի 5-6-ը բոլոր տարիքային խմբերը մասնակցել են փառատոնի մրցութային փուլին, որի ժամանակ ներկայացրել են հայ գրողների ստեղծագործությունները: Փառատոնի ավարտից հետո մասնակիցները շրջել են Արցախում, եղել բոլոր տեսարժան վայրերում, որին հաջորդել է խարույկի շուրջը կազմակերպված հրաժեշտի երեկոն: Փառատոնի բոլոր մասնակիցները մինչև ուշ երեկո զվարճացել, երգել, պարել են, ապա միմյանց հրաժեշտ տվել` նորից հանդիպելու ակնկալիքով:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին`  Ալեք Բաղդասարյանը նշեց, որ Ասմունքի համահայկական հաջորդ փառատոնը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսելու են իրականացնել:

  Վերջում Ալեք Բաղդասարյանն իր երախտագիտությունը հայտնեց «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին՝ հանձին ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ Ասմունքի համահայկական փառատոնին ցուցաբերած հովանավորության համար: Պարոն Բաղդասարյանը շեշտեց, որ նման քայլով «Ղարաբաղ Տելեկոմը» մեծ դեր ունեցավ հայապահպան, ազգօգուտ այս գործում:

Վերջում հավելենք, որ Ալեք Բաղդասարյանը նաև ԱՄՆ-ի Համահայկական առևտրային պալատի ցանցի խորհրդի անդամն է, ինչպես նաև` Շուշիի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցի բաժնետերերի խորհրդի նախագահը:

Գևորգ  Չիչյան

Scroll Up