«Արի տուն-2014». «Այն, ինչ պատմում են մեզ մեր Հայրենիքի մասին, ոչինչ է կարծես, երբ գալիս և անձամբ ենք տեսնում…»

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցների այցելությունները դեպի Հայաստանի պատմական վայրեր շարունակվում են: Օգոստոսի 14-ին նրանք եղան Խոր Վիրապում և Նորավանքում:
«Հայերն այսօրը» ներկայացնում է նրանց տպավորությունները.
Իլոնա Հայրապետյան, 15 տարեկան, Մոսկվա
«Հայաստանում եղել եմ, երբ շատ փոքր էի, բայց ոչինչ չեմ հիշում: «Արի տուն» ծրագիրը կարծես լավ առիթ եղավ՝ ևս մեկ անգամ Հայրենիք գալու և ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, պատմությանը: Չեմ կարող ինչ-որ վայր առանձնացնել, քանի որ չքնաղ է մեր Հայաստանը:
Ինձ շատ հետաքրքրեց Սուրբ Սարգսի պատմությունը, չեմ իմացել ոչինչ այդ պատմության մասին, ու հիմա, շնորհիվ այս ծրագրի, իմացա այդ և շատ այլ պատմություններ:
Հայկական ճաշատեսակներից նույնպես չեմ կարող առանձնացնել մեկը. շատ համեղ և բուրավետ է ամեն ինչ: Շատ շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը, որ այսպիսի ծրագրեր է կազմակերպում, մենք էլ գալիս ենք ու իմանում շատ մանրամասնություններ Հայաստանի վերաբերյալ: Ինքս շատ եմ ուզում գալ ու մշտապես այստեղ ապրել»:
Հովակիմյան Դավիթ, 15 տարեկան, Մոսկվա
«Այս ծրագրով առաջին անգամ եմ լինում Հայաստանում, եկել եմ եղբորս հետ: Ամեն բան շատ եմ հավանում, քանի որ սա իմ Հայրենիքն է, ու դրանով ամեն բան ասված է: Ինչ կա այստեղ՝ մարդիկ, բնությունը, ամեն բան ուղղակի հրաշք է ու լավը:
Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ կցանկանամ այստեղ մշտական ապրել, թե ոչ, քանի որ ինձ թվում է՝ պայմաններն այնքան էլ լավը չեն: Ու ես կրկին զարմացած եմ մեր ժողովրդի վրա, որ կարողանում է շատ դժվարություններ հաղթահարել, միշտ լավը տեսնել ու առաջ գնալ: Նրանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայերը միշտ էլ տարբերվել են մյուս ժողովուրդներից»:
Նարեկ Ջհանգիրյան, 15 տարեկան, Ուկրաինա
«Ծրագրին մասնակցում եմ եղբորս՝ Գրիշայի հետ: Հայաստանում երկրորդ անգամ եմ լինում: Այն, ինչ պատմում են մեզ մեր Հայրենիքի մասին, ոչինչ է կարծես, երբ գալիս և անձամբ ենք տեսնում. հրաշք բնություն, հրաշք մարդիկ: Սովորել եմ մեր պատմությունից շատ բաներ, տառերը, նոր բառեր:
Ամենակարևորը ձեռք եմ բերել նոր ընկերներ: Օրինակ՝ մեկ ընկերս ղարաբաղցի է, հիանալի անձնավորություն, փորձում եմ նաև իրենց բարբառով մի քանի բան սովորել: Մեզ մոտ՝ Ուկրաինայում, կա հայկական դպրոց, ու երբ գնամ արդեն այնտեղ, անպայման կգնամ այդ դպրոցը, որ շարունակեմ այստեղի սովորածս զարգացնել:»
Պատրաստեց Մելինե Հովհաննիսյանը