«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում տեղի կունենա Գլենդելի «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը
Օգոստոսի 7-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում` Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից ժամանած «Կոմիտաս» երգչախմբի մենահամերգը՝ գեղարվեստական ղեկավար Միքայել Ավետիսյանի խմբավարությամբ:
Համերգին կմասնակցեն Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը, մտավորականներ, հյուրեր:
Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միության «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2004թ.` Սփյուռքում հայ մշակույթն ու հայ լեզուն պահպանելու նպատակով:
48 անդամ ունեցող երգչախումբը ամեն տարի հոկտեմբերին համերգային ծրագրով ելույթ է ունենում մշակույթի ամսվան նվիրված միջոցառմանը: Համերգներ է ունեցել Կալիֆորնիայի Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և պարգևատրվել մրցանակներով ու պատվոգրերով: 2014թ. դեկտեմբերին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում տեղի կունենա երգչախմբի հերթական համերգը: