«Սփյուռք ամառային դպրոց-2014». Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում

Հուլիսի 31-ին «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացի մասնակիցները, ձևավորված ավանդույթի համաձայն, այս տարի ևս այցելեցին ՀՀ արտաքին գործերի նախարարություն և հանդիպում ունեցան ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը սփյուռքահայ երիտասարդներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ուղղված քայլերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Հանդիպման ավարտին փոխնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց սփյուռքահայ երիտասարդների հարցերին: