«Արի տուն-2014». «Արևի երկիր Հայաստա՛ն…»

Հուլիսի 21-ին մեկնարկած «Արի տուն-2014» ծրագրի 5-րդ փուլի մասնակիցները հուլիսի 23-ի առավոտը սկսեցին հայոց լեզվի և հայրենագիտեւթյան հերթական դասընթացով: Արիտունցիները կրկնեցին հայոց այբուբենը, կարդացին հայ գրողների բանաստեղծություններից, իրենց համար նոր ու կարևոր գիտելիքներ ստացան:

Դասընթացի ավարտից հետո, ծրագրի համաձայն, մասնակիցներն  ուղևորվեցին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության վիրտուալ քոլեջ և  Մատենադարան: Երեխաներն այստեղից վերցրեցին գիտելիքների իրենց բաժինը և ուղևորվեցին Գառնիի հեթանոսական տաճար ու Գեղարդավանք: Գառնիում մասնակիցները ծանոթացան հայ հեթանոսական տաճարի պատմությանը, տեսան Գեղարդի վանքի հետաքրքիր ու խորհրդավոր միակուռ քարերից կերտված, երկհարկանի տաճարներից ու կից եկեղեցուց  կազմված  վանքային  խորհրդավոր  ու  շքեղ համալիրը:

Ուղևորության ընթացքւմ մասնակիցներից մի քանիսը պատմեցին մեզ իրենց տպավորությունների մասին:

Մարգո Կարոյան, 18 տարեկան, ՌԴ, ք. Կազան

–  Հայաստան եմ եկել Ռուսաստանի Կազան քաղաքից: Վերջին անգամ Հայաստանում եղել եմ, երբ 9-ը տարեկան էի: Շատ եմ սիրում Հայաստանը և այստեղի հայերին: Ապշած եմ ու հիացած Գառնու հեթանոսական տաճարի խորհրդավոր գեղեցկությամբ.  զարմանում եմ, որ այն դարեր շարունակ կանգուն է մնացել: Շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին, որ հնարավորություն ունեցա տեսնելու Հայրենիքիս գանձերը:

Ռեբեկան Ադամյան, 15 տարեկան  Ուկրաինա

–  Մինչև ծրագրին մասնակցելը՝ երկու անգամ եղել եմ Հայաստանում և Հայրենիքիս մասին արդեն իրական պատկերացում ունեի: Ուկրաինայում պարի դասերի եմ հաճախում և ծրագրի մասին ինձ պատմել է մեր պարային համույթի ղեկավարը: Սիրում եմ Հայրենիքս և նրա ամառային բոլոր գույները:

Ֆրիդա Արզումանյան, ՌԴ, Դոնի Ռոստով

–  Եկել եմ Հայաստան՝ զգալու Հայրենիքիս ամառային տաք արևի ջերմությունը, հայերենով ճիշտ խոսել սովորելու համար, ուսումնասիրելու հայ ինքնության պատմությունը, ծանոթանալու նոր մարդկանց հետ: Ես նույնպես պարուհի եմ, Ռստովում հայկական պարեր եմ պարում: Ծրագրի մասին իմացել եմ, երբ Հայաստանում համերգների էի եկել և որոշեցի քույրիկիս հետ մասնակցել հայրենաճանաչողական «Արի տուն» ծրագրին:

Գայանե Ասատրյան, 18 տարեկան,  ՌԴ , Լիպեցկի մարզ

–  Հայստանում շատ եմ եղել, բայց «Արի տուն» ծրագրին մասնակցում եմ առաջին անգամ: Լիպեցկում հայկական դպրոց եմ հաճախում, որտեղ էլ լսել եմ «Արի տուն» ծրագրի մասին: Եկել եմ Հայաստան՝ վայելելու հայկական արևի ջերմությունը և ծանոթանալու, շփվելու տարբեր երկրներից եկած իմ հասակակիցների հետ: Անսահման շնորհակալ եմ ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ Հայրենիքը ճանաչելու հրաշալի նախաձեռնության համար:

Տաթև Դավթյան

unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13) unnamed (14)

Scroll Up