«Արի տուն-2014». «Չեմ ուզում պարտքս կատարել ուրիշի հայրենիքում…». Հակոբ Մազմանյան
«Արի տուն-2014» 4-րդ փուլի մասնակից Հակոբի հետ զրուցեցինք Նորավանք կատարած շրջագայության ժամանակ: Նա առանձնանում էր իր խելացի մտքերով, ակտիվ պահվածքով: 18 տարեկան Հակոբը մեզ պատմեց, որ ծնվել և մեծացել է Սիրիայում, սովորել այնտեղի հայկական դպրոցում մինչև 8-րդ դասարան, հետո նյութական խնդիրների պատճառով ստիպված է եղել թողնել դպրոցը և ծնողներին օգնելու համար սկսել է սովորել ու աշխատել որպես վարսահարդար: Մոտ մեկ տարի հետո 16 տարեկան Հակոբը, կամ ինչպես ընկերներն են իրեն ճանաչում՝ Ջեյքը, վերադառնում է Հայաստան, որպեսզի չծառայի Սիրիայի բանակում. «Չեմ ուզում պարտքս կատարել ուրիշի հայրենիքում»,-ասում է Հակոբը:
Հակոբին ծրագրի մասին պատմել է իր ընկերը` Սեդրակ Կարապետյանը և համոզել, որ մասնակցի, գա ու ծանոթանա, ճանաչի Հայաստանը, նոր ընկերներ ձեռք բերի:
Հակոբը Հայրենիքում է իր փոքր եղբոր` Րաֆֆիի և մորաքրոջ տղայի`Հովիկի հետ. նրանք նույնպես Հայաստան են եկել Սիրիայից: Տղաները շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ վայելում են իրենց շրջագայությունը:
Հակոբը (Ջեյքը) մտադիր է իր ուսումը շարունակել Հայաստանում՝ ցանկանալով դառնալ համակարգիչների գծով բարձրակարգ մասնագետ և իր գիտելիքները ծառայեցնել հարազատ երկրին:
Տաթև Դավթյան