«Արի տուն-2014». «Հայաստանում առաջինը Արարատ լեռը տեսանք…»
Երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արիտունցիները հերթական շրջայցն էին կատարում, ծառի հովին հավաքված աղջիկների նկատեցի: Մոտենալով նրանց՝ փորձեցի հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց համախմբվածությունը, ինչու՞ են այդքան ջերմ շփվում իրար հետ: Պարզվեց, որ աղջիկները՝ Անժելա և Արմինե Առաքելյանները, Քրիստինե Թոփչյանը, Ժենյա Գառնեցյանն ու Անժելա Խոդիկյանը մտերիմ ընկերուհիներ են, ապրում են Աբխազիայի Սուխում քաղաքում: Նրանք սովորում են տեղի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում, տարբեր դասարանների աշակերտուհիներ են: Ինչպես հավաստում են, այդ հանգամանքը խոչընդոտ չի հանդիսանում իրենց ջերմ ու անկեղծ հարաբերությունների համար: Աղջիկներն ասացին, որ Աբխազիայում հայերը մեծ թիվ են կազմում, ինչն էլ թույլ է տալիս իրենց՝ ինքնությունը պահպանելու համար, հաճախ շփում ունենալ հայերի հետ: Հայկական երգի-պարի տարբեր խմբակներ են հաճախում: Արմինեն օրինակ՝ Սուխումիում գործող «Արևիկ» համույթի պարուհիներից է, իսկ ընկերուհիներով կիրակի օրերը պարտադիր այցելում են Գագրայի շրջանում գտնվող նորաբաց հայկական եկեղեցին:
Ընկերուհիներով շատ անգամ էին լսել ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի մասին, իրենց շրջանից երեխաներ էին մասնակցել նախորդ տարիներին, ովքեր խորհուրդ էին տվել, որ նրանք նույնպես մասնակցեն: Այնուհետև աղջիկները սկսել են համացանցի միջոցով տեղեկություններ հավաքել և հստակ պատկերացում կազմելով ծրագրի մասին՝ ոգևորված որոշել են հայտադիմումը լրացնել և ամրագրել իրենց մասնակցությունը: Ոգևորությունն էլ կրկնակի է եղել, քանի որ առաջին անգամ էին լինելու Հայաստանում:
Գալով Հայաստան՝ օդանավակայանից դուրս գալուց հետո առաջինը Արարատ լեռն են տեսել, որից շատ են հուզվել: Ծրագրի շրջանակներում շատ լավ են զգում, ուզում են լինել բոլոր հնարավոր տեսարժան վայրերում, որպեսզի տուն վերադառնալով հարազատներին ու ընկերներին կարողանան իրենց տպավորությունները պատմեն:
Գոհունակության և երախտագիտության զգացումով են խոսում իրենց հյուրընկալած ընտանիքներից, մեկ բառով են նկարագրում նրանց մարդկային որակները՝ մարդասեր են: Աղջիկներն այժմ ապրում են Արագածոտնի մարզի Կարպի գյուղի ընտանիքներում՝ բարեկամական, անկեղծ հոգածության ներքո:
Ժենյան պատմեց, որ այս տարի ծննդյան օրը՝ հուլիսի 14-ը, Հայաստանում է նշել, ինչի համար ուրախ է անչափ: Իսկ իրեն հյուրընկալած ընտանիքի պատրաստած անակնկալը միշտ հիշելու է, երբ ծրագրի շրջագայություններից տուն վերադառնալով տոնական գեղեցիկ տորթ է հայտնաբերել՝ վրան իր անունը գրված: Այնուհետև հոբելյարին և մյուս ընկերուհիներին այդ ընտանիքը հրավիրել է Աշտարակի Ձորում գտնվող ժամանցի վայրերից մեկը՝ նշելու համար տարեդարձը, որտեղ շատ լավ ժամանակ են անցկացրել միասին:
Ահա այսպիսի հաճելի անակնկալներով լեցուն է ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը…
Գևորգ Չիչյան