Օր 6-րդ.«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ավստրալիայի «Նաիրի» և Կանադայի «Անի» պարախմբերի համերգը
Հուլիսի 6-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի պարարվեստի օրերի շրջանակներում Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սիդնեյի «Նաիրի» և Մոնրեալի «Անի» պարախմբերի համերգը:
Միջոցառման առաջին մասում պարախմբերը հայկական ազգային երաժշտական մեղեդիների ներքո հանդես եկան պարային կատարումներով: Մասնակիցներին ողջունեց Համազգային հայ կրթական մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Նա շնորհակալություն հայտնեց համազգայինի բոլոր վարչություններին և բարերարներին, ովքեր իրենց նպաստն են ունեցել փառատոնին պարախմբերի մասնակցության և այս համերգի կազմակերպման գործում: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը հզոր է Սփյուռքով, և Սփյուռքում հայ լինելը և մնալը մեծ զոհողություն պահանջող, հերոսության հավասար իրողություն է»: Այնուհետև Սփյուռքից ժամանած պարախմբերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: «Պարարվեստը և երգարվեստը ազգային ինքնության գաղտնիքներն են պարունակում իրենց մեջ: «Նաիրի» և «Անի» պարախմբերը հրաշալիորեն ներդաշնակեցնում են երգն ու պարը՝ իրենց ելույթներով հայկականություն տարածելով նաև Հայրենիքում»,- նշեց նախարարի տեղակալը:
Սիդնեյի «Նաիրի» պարախմբի գեղարվեստական ղեկավար Ասատուր Հաճյանը իր հայրենանվեր գործունեության համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվեց Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: ՀՀ Զինված Ուժերի մայրաքաղաքային գնդի հրամանատար Համլետ Սևոյանի կողմից բանակ-հասարակություն կապը ամրապնդելու և հաստատուն պահելու համար պարախմբերին հանձնվեցին պատվոգրեր:
Միջոցառման երկրոդ մասում պարախմբերի կողմից ցուցադրվեց բեմադրություն՝ նվիրված ազգային բանակին: Միջոցառման ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանն, ով 6 տարի հոգևոր ծառայություն է մատուցել Ավստրալիայում, իր օրհնանքի խոսքը հղեց ծրագրի մասնակիցներին՝ նշելով. «Մշակույթի միջոցով հայն արձանագրում է իր հաղթանակները և զորացնում է պահանջատիրության ոգին: Սփյուռքահայ այս պատանիներն են, որ շենացնում են հայ գաղութը և Հայաստան են կերտում այնտեղ, որտեղ ապրում են»:
Միջոցառումը եզրափակվեց պարախմբերի և մայրաքաղաքային գնդի զինվորների համատեղ պարային ելույթով: