Դեսպան Սարգսյանի հանդիպումները Սինգապուրում

Հունիսի 24-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մասնակցեց Սինգապուրի նախագահ Թոնի Թան Քեն Յամի կողմից կազմակերպվող ամենամյա դիվանագիտական ընդունելությանը:

Միջոցառման ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Սինգապուրի նախագահի հետ: Դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և վերահաստատեց Հայաստան այցելելու ՀՀ նախագահի հրավերը:

Ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահի այցը Սինգապուր՝ նախագահ Թոնի Թանը վստահեցրեց, որ նա մեծ ցանկություն ունի Հայաստան այցելելու և հույս հայտնեց, որ այցը կկայանա: Նա նույնպես խնդրեց փոխանցել ՀՀ նախագահին իր ողջույններն ու լավագույն մաղթանքները:

Դեսպան Սարգսյանը կարճատև առանձնազրույց ունեցավ նաև Սինգապուրի վարչապետի պաշտոնակատար Թեո Չի Հիանի հետ:

Սինգապուրի ԱԳ նախարար Կ.Շանմուգամի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները և Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up