ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչները:
Հայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո ՀՀ նախագահը հոգևոր դասի ուղեկցությամբ ծաղիկներ զետեղեց եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:
Նախագահ Սարգսյանն այցելեց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն, որտեղ բարի գալուստի ջերմ խոսքերով և ՀՀ ու Վրաստանի պետական օրհներգերի կատարմամբ, բարձրաստիճան պաշտոնյա անձանց դիմավորեցին Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները: Հայաստանից ժամանած հյուրերը ունկնդրեցին նաև ազգային նվագարանների՝ դհոլի և դուդուկի դասարանների սաների կատարումները:
Կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի կատարմամբ «Երևան» երգի հնչյունների ներքո պատվիրակության անդամներին Գալուստ Գյուլբենկյան սրահում դիմավորեցին վիրահայ կառույցների ղեկավարները, պաշտոնեության և հասարակայնության ներկայացուցիչները: Նախագահը դիտեց նաև սրահում կազմակերպված «Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը:
Վիրահայոց թեմի առաջնորդը Հայաստանի նախագահին ներկայացրեց թբիլիսահայության արժանավոր դեմքերին, կառույցների ղեկավարներին, պատմեց «Հայարտուն» մշակութային օջախի մասին, որի գործունեությունը ուղղված է Վրաստանում մայրենի լեզվի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը:Սրբազան հայրը խոսեց հրատապ խնդիր ներկայացնող Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի վերանորոգման, Վրաստանում եկեղեցական ժառանգության պահպանության և վերականգնման, կրթության և մշակույթի բնագավառի հարցերի շուրջ, կարևորեց ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ արդյունավետ համագործակցությունը, նրանց ծրագրերին վիրահայության մասնակցությունը: Թեմակալ առաջնորդը բարգավաճում մաղթեց մայր հայրենիքին և արևշատ օրեր՝ ՀՀ նախագահին:
ՀՀ նախագահն իր գոհունակությունը արտահայտեց Վիրահայոց թեմի համայնքային գործունեության կապակցությամբ և բարեմաղթեց հաջողություններ Վրաստանում հայոց մշակութային արժեքների պահպանության, հայ-վրացական բարեկամության խորացման ուղղությամբ: