Գոգո Պալեանին հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր
Հունիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վաստակաշատ ՀՄԸՄ-ական, ՀՄԸՄ կենտրոնական վարչության նախկին անդամ Գոգո Պալեանին մեծ հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր:
ՀՀ Նախագահի թույլտվությամբ ՀՀ սփյուռքի նախարարությանը վերապահված է սփյուռքահայ անվանի գործիչներին ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնելու իրավունքը:
Գոգո Պալեանը ծնվել է 1948թ Լիբանանում, բնակվում է ԱՄՆ-ում, մասնագիտությամբ ինտերիեր-դիզայներ է: 1995-2003թթ եղել է ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ, 2007-2011թթ՝ ՀՄԸՄ կենտրոնական վարչության փոխատենապետ: 2009թվականից մինչ օրս նա ԱՄՆ Արևմտյան շրջանի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահն է:
Գոգո Պալեանն ընթերցեց երդման տեքստը, և նախարար Հրանուշ Հակոբյանը նրան հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Նախարարը կարևորեց հայազգի գործչի ազգանվեր գործունեությունը հատկապես ՀՄԸՄ շրջանակներում: Բարձր գնահատելով Գոգո Պալեանի՝ Սփյուռքում հայ երիտասարդներին հայ պահելու քառասնամյա հայրենանվեր գործունեությունը՝ նախարարը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: «Գոգո Պալեանն այն եզակի հայերից է, որ մասնակցել է Վիետնամի պատերազմին: Նրան ճանաչում են ինչպես Սփյուռքում, այնպես էլ՝ Հայրենիքում, և ՀՀ քաղաքացու անձնագիրը հայազգի մեծանուն գործչին հավերժ կկապի Մայր Հայրենիքին»,- նշեց նախարարը
Գոգո Պալեանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը բարձր գնահատանքի համար և պատրաստակամություն հայտնեց նույն ոգով շարունակել հայապահպանությանն ուղղված իր ջանքերը: