ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական խոսքը ՀՀ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր կատակերգու Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ

Խոր ցավով տեղեկացանք սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, տաղանդավոր կատակերգու Սվետլանա Գրիգորյանի մահվան մասին:

Սվետլանա Գրիգորյանը հայ ժողովրդի դերասանական տաղանդն ու մեծությունը մարմնավորող այն անձանցից էր, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերել են արվեստին` իրենց կերտած կերպարներով ներկայացնելով դերեր, որոնք ընդգծում են մարդու հոգեկան պոռթկումները, ոգևորումն ու հիասթափությունը, սերն ու ատելությունը, հավատն ու հուսահատությունը, սպասելիքն ու կորուստը, կարոտն ու հիացումը` կոմիկականի հանդերձանքով:

 Սվետլանա Գրիգորյանն իր ինքնատիպ խաղով թատրոն բերեց բոլորովին նոր տեսակ, նոր որակ, բացառիկ դերասանական հմայք ու վարպետություն` թատերական աշխարհի մեր անզուգական փաղանգում առանձնանալով և մնալով որպես վառ  անհատականություն, վառ կերպար, հանդիսատեսի ամենապաշտելի ու ամենասիրված դերասաններից մեկը:

Իրավամբ, Սվետլանա Գրիգորյանը «բացառիկ» է, ինչպես բնութագրել են նրան «Թատրոնի քրմուհի»,  «խելացի և ճշմարիտ դերասանուհի», «ծիծաղի թագուհի» և այլն: Դիպուկ են բոլորն էլ, բայց այս վերջինը, կարծում եմ, բովանդակում է նրա բեղուն ստեղծագործական անցած ճանապարհը, նրա իմաստավոր, բարձրակեցիկ գործունեությունը և որ ամենակարևորն է, հանդիսատեսի անսահման սերը:

 Հանդիսատեսը պաշտում է Սվետլանա Գրիգորյանին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Պատահական չէր, որ «ծիծաղի թագուհի» տիտղոսին նա արժանացել է հեռավոր Լոս Անջելեսում: Սա համայն հայության գնահատանքն ու երախտագիտությունն է Սվետլանա Գրիգորյանին` նրա տաղանդին, նրա ժառանգությանը և, իհարկե, նրա մարդկային նկարագրին:

ՀՀ սփյուռքի նախարարության ողջ անձնակազմը ցավակցում է Սվետլանա Գրիգորյանի ընտանիքին, բարեկամներին, ամբողջ հայ ժողովրդին այս անդառնալի կորստի կապակցությամբ:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up