ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Հոգեշնորհ Տեր Նարեկ Վարդապետ Բերբերյանին

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԵՐ ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ 

Հա՛յր Սուրբ,

Իմ ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն եմ հղում Ձեզ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ ընտրվելու առիթով: Հիրավի, մեծ խորհուրդ ունի Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի նախաշեմին Ձեր ընտրությունը: Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Նրա Գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, յուրովի գնահատականն է Ձեր նկատմամբ ունեցած մեծ վստահության և Ձեր նվիրյալ ծառայության համար:

Օվկիանոսից անդին մեր բարեկամ Բրազիլիայի ժողովրդի հյուրընկալ հողում արդեն մեկ դար բնակվող հայությունն իր ազգային արմատներին ամուր կառչած է մնացել Հայրենիքի կենարար հոգևոր-մշակութային արժեքներով մշտապես սնուցվելու շնորհիվ:

Հայոց նորագույն պատմության մեջ առանձնակի կարևորվում է Հայրենիք-Սփյուռք ամուր կապերի ամրապնդումն ու զարգացումը, որը միշտ էլ գտնվել է հայ ժողովրդի ու նրա հոգևոր դասի ուշադրության և հոգածության ներքո: Հայի կենսակերպ դարձած սույն խորհրդով առաջնորդվելով՝ ավելի քան երեսուն տարի Բարձրաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանն իր նվիրյալ ծառայությամբ հավատարիմ մնաց ազգային եկեղեցու վարդապետությանը և պահպանեց Բրազիլիայի Հայոց թեմի ուրույն նկարագիրը:

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Թեմը շարունակելու է եղած ավանդները և տեղի հայության համար դառնալու է հոգևոր-մշակութային նոր լիցքեր ստանալու սրբատեղի, կրթական-դաստիարակչական, հայ ազգային քրիստոնեական մտածելակերպի հիմնատարրերով հագեցած դարբնոց, որի հոգևոր անսպառ ուժը ի զորու է լինելու հայ համայնքի հոգում անմար պահել Միածնաէջ Սուրբ Տաճարից հորդացող Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղի լույսը:

Հա՛յր Սուրբ, երիցս ոգևորիչ է, որ Ձեր հոգևոր ծառայությունը սերտորեն առնչվում է աշխարհասփյուռ հայության ամերիկյան հատվածին: Ընդգծելով Ձեր քսանամյա ազգանվեր գործունեության կարևորությունը և մեծ փորձառությունը այդ տարածաշրջանում, համոզված ենք, որ գիտակցելով ուծացման ահագնացող վտանգը, Ձեր հովվապետությամբ սփյուռքի այդ համայնքների ազգային ավանդույթների պահպանմանը և ազգային ինքնության ու ինքնագիտակցության բարձրացմանը նպաստող ծրագրերի ընդլայնմանն ուղղված նոր կառուցակարգեր են մշակվելու: Եվ Ձեր թեմակալությամբ դառնալու եք Հայաստան – Բրազիլիայի հայ համայնք կապերի խորացման, ամրապնդման երաշխավորը:

Հա՛յր Սուրբ, Ձեր գլխավորությամբ ակնկալում ենք Հայաստան – Սփյուռք գործակցության էլ ավելի սերտացում, և բրազիլահայ համայնքի աշխույժ մասնակցություն ու ներգրավվածություն ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերին:

Թո՛ղ Աստծո Ամենակարող Աջը միշտ հովանի լինի Բրազիլիայի Հայոց թեմին, Ձե՛զ, Հա՛յր Սուրբ, և Բրազիլիայի հայությանը:

ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up