ՀՀ սփյուռքի նախարարի ողջույնի խոսքը Աֆհիլ Հիվանդանոցային Ապահովության Սնտուկ, Յակոբ Լատոյեանին

 

Հարգելի պարոն Աշոտ Քոչարյան՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,

Հարգելի պարոն Հակոբ Լատոյան՝ «Աֆհիլ» ապահովագրական ընկերության տնօրեն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի թեմի Պատգամավորական ժողովի ատենապետ,

Սիրելի ներկաներ,

 Ընդունեք մեր սրտագին ողջույններն ու շնորհավորանքներն այս գեղեցիկ ու բարեհաճ ձեռնարկի առիթով: Յուրաքանչյուր նման նախաձեռնություն, որի շուրջ համախմբվում են պետական այրեր, համայնքային գործիչներ, ինչ խոսք, ոգևորող է և հուսադրող: Հայրենիքից Սփյուռք և Սփյուռքից Հայրենիք փոխանակվող յուրաքանչյուր դրական ազդակ երկուստեք նոր լիցքեր է հաղորդում:

«Աֆհիլ» ապահովագրական ընկերության՝ հիվանդանոցային սպասարկման ոլորտում Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ համագործակցության ծրագրի մեկնարկը լավագույն ապացույցներից է տարբեր բնագավառներում Հայաստան-Սփյուռք օրըստօրե զարգացող գործակցության, Սփյուռքի հայաստանակենտրոն կողմնորոշման ու երաշխիքը Սփյուռքի ներուժի օգնությամբ Հայոց պետության զորացման:

Հարգելի պարոն Լատոյան, սիրելի աֆհիլականներ,

Մենք կարևորում ենք «Աֆհիլ» ապահովագրական ընկերության ազգանպաստ առաքելությունը: 17 տարի առաջ դրսևորելով միասնական կամք ու նվիրում՝ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Լիբանանի օգնության խաչն ու Սոցիալական ծառայողների միությունը ստեղծեցին հատուկ առողջապահական հիմնադրամ՝ դրանով իսկ հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի՝ ստանալու բարձրորակ, բայց հասանելի բժշկական օգնություն:

Բարձր ենք գնահատում հատկապես ձեր հիմնադրամի բարեսիրական առաքելությունը՝ ուղղված ուսանողների աջակցությանը: Արդեն 10 տարի է 1000-ից ավելի ուսանողներ Ձեր աջակցության շնորհիվ բարձրագույն կրթություն են ստանում:

Հարգարժան ներկաներ,

2015 թ. շատ կարևոր տարի է հայ ժողովրդի կյանքում, մանավանդ, որ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարին, Հայ ազգի համար, առավել քան երբևէ, կարևոր է համախմբումն ազգային առաջնահերթությունների շուրջ, որոնցից է նաև հզոր և ապահով Հայաստանի կառուցումը: Ուստի ողջունելի է Աֆհիլի գործունեության վեկտորը դեպի Հայաստան ուղղորդելու՝ Ձեր նախանձախնդրությունը:

Համոզված եմ, որ Ձեր նոր աշխատաոճի շնորհիվ, մեծապես կնպաստեք Հայ ազգի զավակների առողջության պահպանմանը և՛ Լիբանանում և՛ Հայաստանում:

Մաղթում եմ ձեզ ուժ և կորով, որպեսզի նոր մտահղացումներով, միասնականության ու ազգային կյանքի նորոգության ձեռնարկներով շարունակեք նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանը, հոգևոր և մշակութային կյանքի զորացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի էլ ավելի սերտացմանը, Հայ ազգի համախմբանն ու բարգավաճմանը և Հայաստանի Հանրապետության զորացմանը:

  Հարգանքով`

  ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Scroll Up