Էրդողանը փորձում է զոհի և դահճի մեջ հավասարության նշան դնել. Հրանուշ Հակոբյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/0999D055-77E9-44EE-AE0F-29040AE42574_mw1024_n_s.jpg)
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին արված ուղերձին։ Նախարարի կարծիքով՝ Թուրքիայի վարչապետը հերթական անգամ ցանկանում է ցույց տալ, որ ինքը ինչ-որ բան ընդունում է:
«Անընդունելի եմ համարում նրա հայտարարությունը, որովհետև նա փորձում է զոհի և դահճի մեջ հավասարության նշան դնել:
Դա հնարավոր չէ, իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտել, չընդունել նշանակում է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները շարունակում են ոճրագործությունը, որովհետև ակնհայտ է, որ ցեղասպանությունը չընդունելը ևս հանցագործություն է»,- ասել է Սփյուռքի նախարարը:
Նախարարը հավատում է, որ Թուրքիան պետք է ժողովրդավարացվի, իսկ թուրքական հասարակությունը պետք է առերեսվի իր ոճրագործության հետ։
«Մենք պետք է հասկանանք, որ 100-ամյակը սկիզբն է այն մեծ ահագնացող գործի, որ կատարելու է հայ ժողովուրդը, որին միանում են հարյուրավոր ազգեր, պետություններ: Օտարների խոսքը ևս շատ էական է՝ կարևոր այս խնդիրը առաջ տանելու համար»,- կարծիք հայտնեց նախարարը:
Անդրադառնալով Սփյուռքի և նախարարության քայլերին` Հակոբյանը նշել է․
«Պետական քաղաքականությունը և Սփյուռքի ցանկություններն այսօր համընկնում են, և ես հպարտ եմ, որ աշխարհի որևէ կետում չկա որևէ հայ, հայկական կազմակերպություն և համայնք, որն այսօր չի պայքարում և իր պահանջներն առաջ չի տանում»,- հավելեց նախարարը: