Էրդողանը սրբագրել է իր «ցավակցությունը». «Օսմանցիների թոռներին էլ եմ ցավակցել…»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/23.04.14-5780erdoxan.jpg)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր նախաապրիլքսանչորսյան գրավոր աննախադեպ հայտարարությունից քիչ անց, երբ այն արդեն դարձել էր համաշխարհային լրահոսում կարեւոր տեղեկություններից մեկը, ինչպես նաեւ՝ թուրքական շրջանակների քարոզչական զենք, թուրք հանրության համար արդեն սրբագրեց իր, այսպես ասած, ցավակցությունը։
Այս երկրում ապրիլի 23-ը նշվում է որպես Երեխաների օր: Խորհրդարանում տոնական պաշտոնական հանդիսությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը նա պարզաբանել է, թե ցավակցություն հայտնել է ոչ միայն հայերին։
«Այդ ընթացքում մահացած օսմանցիների թոռներին էլ եմ ցավակցել։ Նույն թվականին միայն հայեր չէ, որ սպանվել են. նաեւ՝ թուրքեր, բոսնիացիներ, ալբանացիներ, լազեր։ Բոլորի հոգիներին խաղաղություն եմ մաղթում։ Նրանց հիշատակը ոգեկոչելուց բնական ի՞նչ կարող է լինել։ Սակայն, ցավոք, շատերը դա օգտագործում են որպես գործիք, ինչը սխալ է, եւ մենք դրան դեմ ենք հանդես եկել, ու միշտ ընդգծել ենք դա։ Մեր անելիք քայլից ավելի կարեւոր է հակառակ կողմի անելիք քայլը…»,- այսպես է իր ուղերձն ավելի ուշ պարզաբանել Էրդողանը։
Մանրամասները՝ yerkirmedia.am կայքում: