Բարեգործական միջոցառում Բրյուսելում՝ նվիրված քեսաբահայությանը

Ապրիլի 9-ին Բրյուսելում` «Հայ տանը», Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և համայնքային բոլոր կառույցների աջակցությամբ տեղի ունեցավ բարեգործական-տեղեկատվական միջոցառում` նվիրված քեսաբահայությանն ու նրանց խնդիրներին:
Բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետև ելույթ ունեցող բանախոսները ներկայացրին Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես քեսաբահայության պատմությունը:
Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Բեյրութի «Վան» ռադիոկայանի տնօրեն Ավո Գիդանյանի և քեսաբցի փախստական Կարո Սևան Մանճիկյանի հետ: Վերջիններս ներկաներին պատմեցին քեսաբահայության խնդիրների և կարիքների մասին: Նրանք բարձր գնահատեցին աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերվող թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ հանգանակություն, որն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը: այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից: