Քեսաբի խնդիրը՝ եվրոպական ամբիոնից
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայ պատգամավորներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններն ու կոչերը Քեսաբի և քեսաբահայության մասին առաջին ու խոշոր ազդակն էին, երբ հայաստանյան խորհրդարանականները բարձրաձայնում էին մտահոգություն ոչ թե հայաստանյան, այլ Հայաստանից դուրս ձևավորված խնդիրների մասին, որոնք աղերսվում են մեր հայրենակիցներին, իրենց պատմական հայրենիքում ապրող մարդկանց, որոնց համար յուրովի շարունակվում է 1915 թվականը…
Տևական ժամանակ մեր դիվանագիտությունը լռություն է պահպանել մի շարք խնդիրների հարցում, հարգելով այլ երկրների ներքին խնդիրների մասին ձևավորված դիվանագիտական պատկերացումները՝ չի բարձրաձայնել, սակայն այսօր արդեն անհնար է լռություն պահպանել, անհնար է չխոսել մի մեծ ողբերգության մասին, որը միայն Սիրիայի խնդիրը չէ, որի գոյությամբ արդեն ոտնահարվում ու պղծվում են մարդասիրական արժեքները, վտանգվում է ազգային փոքրամասնությունների գոյությունը ինչպես Սիրիայի, այնպես էլ այլ երկրների տարածքներում:
2011 թվականից ի վեր Սիրիայում ընթացող պատերազմը խլել է տասնյակ հազարավոր կյանքեր, ավերակների է վերածվել Արևելքի հզոր երկրներից մեկը, որը միշտ եղել է Թուրքիայի համար վտանգավոր, որի բարգավաճող տնտեսությունը կռվախնձոր է եղել շատերի համար: 2011-ից ի վեր համաշխարհային հանրությունը լռություն է պահպանել, չի դատապարտել սիրիական ահաբեկչությունները, որոնք պարտակվել են հեղափոխականության ծխածածկույթի տակ: Ընդդիմադիրների անվան տակ հանդես են եկել զինված կազմավորումներ Թուրքիայից, Ադրբեջանից, այլ երկրներից, որոնց նպատակն է եղել ավերել ու հողին հավասարեցնել Սիրիան, կործանել հնագույն քաղաքակրթության հանգրվաններից մեկը: Ավերիչ հարվածներն իրենց վրա են կրել նաև Սիրիայում ապրող ազգային փոքրամասնությունները, որոնց մեջ հայերը միշտ էլ եղել են առաջին տեղերում՝ իրենց ստեղծած հզոր կրոնական, կրթական ու ազգային կառույցներով: Մոտ երեք տարվա ընթացքում գրեթե կազմաքանդվեց հայկական համայնքը, Դամասկոսում և Հալեպում ռմբահարվեցին հայկական եկեղեցիներ, թալանվեցին հայկական թաղամասեր, մոտ հարյոր հազարանոց հայկական համայնքից շատերը հեռացան տարբեր երկրներ, նաև՝ Հայաստան, որպեսզի այսպես կարողանան փրկվել… Եվրոպական երկրներն ու եվրոպական կառույցները երբեք քննարկման նյութ չդարձրին հատկապես քրիստոնյաների խնդիրները, երբեք չկամեցան հարցերը քննարկել նաև Սիրիայում ապրող քրիստոնյաների շահերի համատեքստում: Ու որքան անտարբեր եղավ Եվրոպան, որքան Արևմուտքը կամեցավ Սիրիայում կրկնել իրաքյան սցենարն ու ամեն ինչ նպատակուղղել Բաշար ալ Ասադի պաշտոնանկությանն ու Սիրիայի հպատակեցմանը որոշ ուժերի, այնքան վատթարացավ ազգային փոքրամասնությունների վիճակը, այնքան հարևան Թուրքիայի պահվածքը դարձավ մերժելի ու լկտի:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի գաղտնազերծված հեռախոսազրույցը պիտի ազդակ հանդիսանար աշխարհի համար, եվրոպական ընտանիքը պիտի շուտափույթ դատապարտեր այն և քայլեր ձեռնարկեր հատկապես ազգային փոքրամասնությունների փրկության համար, սակայն, ինչպես միշտ, Եվրոպան հապաղեց ու լռեց… Քեսաբյան ողբերգությունը, անկախ լրատվամիջոցներում առկա իրական ու մտացածին պատկերումների, Եվրոպայի անտարբերության հետևանքն էր: Մինչև օրս եվրոպական մարդասիրական կառույցներից որևէ մեկը չի արձագանքել, որևէ մեկը չի փորձել մեկնել Քեսաբ ու աջակցություն ցուցաբերել մարդասիրական ճգնաժամի մեջ հայտնվածներին:
Ուստի, հայ պատգամավորների և, մասնավորաբար, Նաիրա Կարապետյանի հայտարարությունը տեղին էր ու անհրաժեշտ: «Հայերը Քեսաբում բնակվել են դարեր ի վեր, սակայն կան նաեւ ընտանիքներ, ովքեր գրեթե հարյուր տարի է, ինչ այստեղ են հաստատվել` փորձելով փրկվել Հայոց ցեղասպանությունից: Եվ հիմա կրկին, 1915 թվականի այն սարսափելի օրերից գրեթե մեկ դար անց, մեկ այլ մղձավանջ, կյանքից զրկվելու մեկ այլ վտանգ է հետապնդում նրանց, ստիպում նորից տարհանվել: Մարդիկ կրկին լքել են իրենց տները` չհասցնելով անգամ վերցնել փաստաթղթեր, միայն այն հագուստով, որով եղել են փախուստի պահին: Եկեղեցու օգնությունը հնարավոր է՝ շուտով ավարտվի, քանի որ այն անսպառ չէ: Հավատացե´ք, շատ ծանր է եկեղեցու բակում տիրող այդ տեսարանը. երեխաներ, տարեցներ, կանայք եւ տղամարդիկ` ժամանակավոր կացարան գտած, զրկված տարրական հիգիենայի պայմաններից, հիվանդությունների եւ վարակների տարածման վտանգի տակ, եւ չունեն անգամ հույս` շուտափույթ վերադառնալու իրենց բնակավայրերը»,- իր ելույթում ներկայացրեց հայ պատգամավորը:
Հուսանք, ուրեմն, որ եվրոպական ու մարդասիրական արժեքներ դավանող երկրներն ու նրանց պատգամավորները վերջապես ոտքի կկանգնեն ու քեսաբահայության վիճակը առաջնային համարելով, առհասարակ կխոսեն Սիրիայում ստեղծված իրավիճակի, մարդու իրավունքների խախտումների մասին…
Լևոն Մութաֆյան