Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/45.jpg)
Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին հանձնաժողովի անդամներից զատ մասնակցում էին նաև Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Արման Սահակյանը և Էդմոն Մարուքյանը:
Օրակարգում որպես հրատապ խնդիր առաջինը քննարկվեց Քեսաբում վերջին օրերին տիրող իրավիճակին վերաբերող հարցը:
ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Թևան Պողոսյանը նիստի մասնակիցներին ներկայացրին Սիրիայում իրենց կատարած փաստահավաք գործունեության մանրամասները, Քեսաբում ստեղծված իրավիճակը և դրա հնարավոր զարգացումները: Նշվեց, որ ՀՀ ԱԳՆ և դիվանագիտական կառույցների կողմից այս ուղղությամբ պատշաճ աշխատանքներ են տարվում: Կարևորվեց խնդրի առնչությամբ հայկական տեղեկատվական դաշտում օբյեկտիվ տեղեկության տարածումը և հակամարտության կողմերի կողմնակալ դիրքորոշումները ներկայացնելուց խուսափելը: Քեսաբն ունի բնակչության մոնոէթնիկ կազմ և հիմնականում բնակեցված է հայերով: Այս պարագայում Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները մարդու իրավունքների զանգվածային խախտման վառ օրինակ են, և ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերը ևս պետք է աջակցություն ցուցաբերեն: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուղարկելով սփյուռքյան կառույցներին՝ գերատեսչությունը կոչ է արել ողջ սփյուռքահայությանը՝ ամբողջ աշխարհին ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու խնդրի արդարացի կարգավորման վրա: Քեսաբը որպես լուրջ ազդակ աշխարհի բոլոր երկրներում պետք է համախմբի հայությանը: Նախարարի խոսքով` պետք է դիմել ՄԱԿ-ին` քեսաբահայության հարցում անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով, խոսքից գործի անցնել:
Նախարարը նշեց, որ ամենօրյա հեռախոսակապի մեջ է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ հավաստի տեղեկություններ ձեռք բերելու և առկա խնդիրներին լուծում տալու նպատակով: Պետք է առավելագույնս հաշվի առնել սիրիահայերի ցանկությունները: Քեսաբահայերի՝ Հայաստան վերադառնալու պարագայում ՀՀ իշխանությունների կողմից կձեռնարկվեն միջոցներ նրանց օգնելու նպատակով:
Ի գիտություն` նշվեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հատուկ կոչով է հանդես եկել և քեսաբահայերի օգնության նպատակով դրամահավաք է սկսել:
Օրակարգի համաձայն` ՀՀ առողջապահության նախարարության գործունեության շրջանակներում սիրիահայերին ցուցաբերած աջակցության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը: Նա ներկայացրեց 2012 թվականից ի վեր սիրիահայերին անվճար բուժօգնության տրամադրման և սիրահայ բժիշկների՝ աշխատանքով ապահովման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կատարած աշխատանքները: Մինչև այժմ 608 սիրիահայ ստացել է հիվանդանոցային և ամբուլատոր բուժօգնություն, որից 27-ը եղել է սրտաբանական միջամտություն: ՀՀ առողջապահության նախարարությունում գրանցված 71 սիրիահայ բժիշկներից 54-ը տեղավորվել են աշխատանքի, որից 3-ը՝ ԼՂՀ-ում: Կազմակերպվել է սիրիահայ բժիշկների վերապատրաստում: Այս աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը տրամադրել է՝
2012 թվական – 20.215.000 ՀՀ դրամ
2013 թվական – 67.134.820 ՀՀ դրամ
2014 թվական – 22.418.600 ՀՀ դրամ
Սիրիահայ բուժաշխատողների վերապատրաստումների համար – 5.025.000դրամ
Սիրիահայ բուժաշխատողների վերամասնագիտացումների համար – 2.600.000 դրամ
Ընդհանուր առմամբ` մոտ 117 մլն դրամ: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
Զեկույցով հանդես եկավ նաև Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) տնօրեն Վարազդատ Կարապետյանը, ով ներկայացրեց «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող և ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մի խումբ սիրիահայերի համար դասընթացների կազմակերպման և արտոնյալ պայմաններով սիրիահայերին վարկերի տրամադրման ուղղությամբ կատարած աշխատանքները: Ներկայումս 56 սիրիահայեր ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում: Այս ոլորտում աչքի են ընկնում նաև սիրիահայ կին գործարարները:
Նիստի ավարտին քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր: Ամփոփելով նիստը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ չպետք է բավարարվել կատարածով, այլ լցվել նոր պատասխանատվությամբ ու եռանդով՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար: