Լուրեր Քեսաբից

ՀՀ սփյուռքի նախարարությունն ամենօրյա հեռախոսակապի մեջ է Քեսաբի քաղաքապետի՝ Վազգեն Չափարյանի, Սիրիայի մեր մի շարք այլ հայրենակիցների հետ՝ քեսաբահայության մասին հավաստի տվյալներ ձեռք բերելու, նրանց խնդիրներին լուծումներ տալու մտահոգությամբ:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի հետ քիչ առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցում ճշտել է քեսաբահայության վիճակի և զորքի հնարավոր առաջխաղացման մասին տվյալները:

Քեսաբի քաղաքապետը հայտնել է, որ սիրիական զորքերը լուրջ առաջխաղացում են արձանագրել: Չափարյանն ընդգծել է նաև, որ ներկայումս սիրիական բանակի զինծառայողները մարտնչում են Քեսաբի համար, սակայն դանդաղ են տեղաշարժվում, որպեսզի քաղաքին հնարավորինս քիչ վնասներ պատճառվեն:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Քեսաբի շուրջ համայն հայության բարձրացրած բողոքի ալիքի համար, ինչին ակտիվորեն հետևում են, ու հույս է հայտնել, որ շուտով այս համատեղ պայքարը դրական ելքով ավարտ կունենա:

Քեսաբի մեր հայրենակիցները անհամբեր սպասում են իրենց տներ վերադարձին: Տարածված լուրերը, թե զոհեր կան, իրականությանը չի համապատասխանում:

Իրականությունն այն է, որ մոտ 38 հայ պատանդ է վերցված եղել, որոնցից 20-ը վերադարձվել են, և 18-ի կապակցությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են:

Քեսաբի քաղաքապետի միակ մտահոգությունն այն էր, որ քեսաբահայերի տներում սկսել են օտար մարդկանց վերաբնակեցնել:

Scroll Up