Քեսաբի ողբերգությունը ցնցել է հայությանն ու ողջ առաջադեմ մարդկությանը. ՀՀ սփյուռքի նախարարություն
Հաագայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ սփյուռքի նախարարության խողովակներով ուղարկվել է բոլոր սփյուռքյան համայնքներին և համահայկական կազմակերպություններին՝ խնդրելով բողոքի ձայն բարձրացնել քեսաբահայության, սիրիահայության պաշտպանության, ինչպես նաև նյութական օգնության համար:
Ամբողջ հայությունը համախմբվել է Քեսաբի պաշտպանության համար:
Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում համահայկական կազմակերպություններին, ՀԲԸՄ եկեղեցական կառույցներին, թեմերին, շտապօգնության մարմիններին, Հայ դատի գրասենյակներին, ավանդական կուսակցություններին, ՀՕՄ-ուհիներին, երիտասարդական, բարեգործական կազմակեպություններին բողոքներ, ցույցեր կազմակերպելու, օժանդակության ցուցաբերելու, քեսաբահայերին զորակցելու համար:
Ամեն օր կապի մեջ ենք Սիրիայում մեր դեսպանի և քեսաբահայության ներկայացուցիչների հետ:
Մենք, ևս մեկ անգամ, հորդորում ենք համայնքային կառույցներին ուժեղացնել ազդեցությունը և պահանջները Քեսաբը զավթիչներից մաքրելու, առաջիկայում խաղաղություն հաստատելու, որպեսզի քեսաբահայերը վերադառնան իրենց պատմական բնօրրանը:
ՀՀ սփյուռքի նախարարություն