Քեսաբի բոլոր տները թալանված են, 22 հայ է առևանգվել, Հայաստանը դատապարտելով չպետք է բավարարվի. սիրիահայ

Այսօրվա դրությամբ Սիրիայի Քեսաբ ավանից 22 առևանգված հայեր կան, որոնք տարվել էին Թուրքիայի սահմանին կից նորակառույց բանտ, իսկ տասնմեկի ճակատագիրն անհայտ է, բոլորն էլ տարիքով մեծահասակներ են, այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ այսօր իմացել են, որ նրանցից երեքին, ովքեր շատ ծեր են, ազատ են արձակել, և մինչև կեսօր նրանք կլինեն Լաթաքիայում: Մնացածի ճակատագիրը դեռ անորոշ է, ոչ մի տեղեկություն չկա:

«Մարդիկ, ովքեր հապճեպ տներից փախել են, թողել են իրենց բջջային հեռախոսները: Ահաբեկիչները վերցնում են հեռախոսներն ու եղած համարներով զանգում են նրանց հարազատներին ու սպառնում: Քեսաբի բոլոր տները թալանված են, և այդ տներում եղած իրերն արդեն վաճառվում են Թուրքիայում»,-ասաց Վազգեն Մեսրոպյանը։

Նա նաև վստահեցրեց, որ մինչ այս պահը Քեսաբում հայ զոհեր չկան. ահաբեկիչները SMS–հաղորդագրության միջոցով հայտարարել են, թե կան երկու վիրավոր։ «Կրկնում եմ՝ դա ահաբեկիչների հաղորդածն է»,- շեշտեց Վազգեն Մեսրոպյանը։

Վերջինս ասաց նաև, թե մարդկանց քիչ թիվ է մնացել Լաթաքիայի Աստվածածին եկեղեցում. հիմնական մասը տեղափոխվել է Լաթաքիայում ապրող իրենց բարեկամների տները։

Սիրիահայ բանախոսը տեղեկացրեց, որ մեկ շաբաթ է՝ ինչ Հալեպը ո՛չ ինտերնետային, ո՛չ էլ հեռախոսային կապ չունի։

«Մենք չպետք է մոռանանք նաև Հալեպը: Ճիշտ է, Քեսաբը մեզ համար շատ հարազատ վայր է, բայց Հալեպն էլ է ծայրահեղ վիճակում։ Լրատվամիջոցներին խնդրում ու հորդորում եմ Հալեպին ևս չմոռանալ»,-նշեց ՍԴՀԿ փոխատենապետը՝ հավելելով, թե ինքը շատ այլ նորություններ էլ ունի, բայց դրանց մասին այսօր հայտարարել չի կարող՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Սա հեղափոխություն չէ, սա ռեժիմի փոփոխության պահանջ չէ, սա ահաբեկչություն է, և աշխարհը, ինչպես միշտ, դիտորդի կարգավիճակում է այս հարցին»,- իր վրդովվմունքն արտահայտեց Վազգեն Մեսրոպյանը։

Անդրադառնալով Սիրիա մեկնած հայ պատգամավորների խմբին, Վազգեն Մեսրոպյանն ասաց, թե այդքանով չպետք է բավարարվել։ Նա կոչ-պահանջով դիմեց Հայաստանի իշխանություններին ու հատկապես արտաքին գործերի նախարարությանը, որ վերջիններս միայն եղածը դատապարտելով չբավարարվեն։

«Նրանք պետք է միջազգային կառույցների առաջ բողոքով հանդես գան՝ ցեղասպան Թուրքիայի դեմ»,– ասաց նա՝ ավելացնելով, թե ճիշտ չի համարում մի խումբ հայ երիտասարդների կոչերը, թե իրենք պատրաստ են ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծել և մեկնել Լաթաքիա ու Քեսաբ։ Ըստ Վազգեն Մեսրոպյանի՝ նրանք այդպիսով կվիրավորեն սիրիահայությանը:

«Քեսաբահայերն այս պահին միայն կացարանի խնդիր ու կարիք ունեն: Մնացած բոլոր հարցերը հոգում են շտապօգնությունը և Արամ 1-ին կաթողիկոսը»,- տեղեկացրեց բանախոսը:

Վազգեն Մեսրոպյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին ահաբեկիչները գտնվում են հայկական եկեղեցում և իջեցրել են եկեղեցու թե՛ դրսի, թե՛ ներսի խաչերը:

www.tert.am

Scroll Up