Կայացավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013թ մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման արարողությունը

Մարտի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մրցանակակիրներին ողջունեց և շնորհավորեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այս մրցույթում հաղթում են բոլորը, քանի որ Հայրենիքից դուրս արարելը և ստեղծագործելը, Սփյուռքում հայկականությունը նվիրումով ու պատասխանատվությամբ սերունդներին փոխանցելը մեծ գնահատանքի է արժանի»- նշեց նախարար Հակոբյանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահանյանի ողջույնի խոսքը փոխանցեց և ելույթով հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը: Ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության  փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Նրանք նշեցին, որ սփյուռքահայության առջև ծառացած առաջնային խնդիրը հայապահպանությունն է, որի կարևորագույն գրավականը ոսկեղենիկ մայրենիի պահպանումն ու տարածումն է:

Մրցանակակիրներին շնորհավորեց և իր օրհնանքի խոսքը հղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը:

2013թ մրցույթին մասնակցել են 158 հայկական կազմակերպություն և անհատ շուրջ 10 երկրից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 5-րդ տարին և մասնակիցների թիվն ու երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում են:

Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում մրցույթներ են իրականացվել հետևյալ անվանակարգերում՝ «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական /ուսանողական կազմակերպություն», «Լավագույն մանկական ստեղծագործություն»՝ «Հայրենիքքեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին», «ԱՊՀ երկրների լավագույն հայկական համայնք»: 

Մասնակիցներն արժանացան գլխավոր, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակների: Առաջին կարգի մրցանակների են արժանացել «Լավագույն համայնքային կառույց» անվանակարգում՝ Ռուսաստանի հայերի միության Սոչիի «Սևան» հայկական համայնքը և Դոնի Ռոստովի «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» տարածաշրջանային ՀԿ-ն, «Մայրենիի պաշտպան» անվանակարգում՝ Էլեոնորա Մանուչարյանը Մոսկվայից, Սվետլանա Տոնապետյանը ԱՄՆ-ից, Թամարա Աֆիցերյանը Ավստրիայից, Կրասնոդարի «Սոդրուժեստվո» մանկական մշակութային կենտրոնը, Վիեննայի «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը, «Երիտաարդական/ուսանողական կազմակերպություն» անվանակարգում՝ Դոնի Ռոստովի  «Ապագա» հայկական ազգային մշակութային ինքնավարությունը, «Մայր իմ անուշ ու անգին» անվանակարգով շարադրությունների մրցույթում՝ Տաթև Ղուկասյանը Կրասնոդարից և «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» անվանակարգով նկարների մրցույթում՝ Մոնիկա Ավետիսյանը՝ Վլադիկավկազից, Լիլիթ Չուգունյանը Բելգիայից, Շուշան Քեշիշյանը Լիբանանից: Հայապահպանությանն ուղղված նման ծրագիր իրականացնելու համար ՀՀ սփյուռքի նախարարությանն իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին մրցանակաբաշխության մասնակից սփյուռքահայ անհատներ, արվեստագետներ, դպրոցների տնօրեններ, մշակութային կենտրոնների ղեկավարներ :  «Լավագույն հայկական համայնք» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացած Սանկտ Պետերբուրգի հայկական ազգամշակութային ինքնավարությունը դրամական մրցանակը փոխանցեց սիրիահայերի օգնության ֆոնդին:

Միջոցառման գեղարվեստական մասում ելութներով հանդես եկան «Բարության շղթա» բարեգործական ՀԿ-ի «Էմանուել» պարային համույթը և Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համույթը:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման հարցում կազմակերպությունների, տարբեր խմբերի, առանձին անհատների ունեցած ներդրումը, հավուր պատշաճի գնահատել և արժևորել այս ուղղությամբ հայկական համայնքների գործունեությունը:

IMG_5744-1                                                                                 IMG_6138-1

Scroll Up