Մոսկվայի Հայորդյաց տան բեմում Մշո Առաքելոց վանքն էր և Անդրանիկն՝ իր քաջերով
– Անդրանի՛կ, ինչու՞ չսեղմեցիր քեզ պարզած ձեռքս:
-Ես իմ ձեռքը չեմ պարզի նրան, ում ձեռքերը հայի արյամբ են ներկված,- արհամարհելով «թուրքի»` իրեն պարզած ձեռքը, ասաց Զորավար Անդրանիկի դերակատարը:
Երկխոսությունը Զորավար Անդրանիկի ծննդյան 149-ամյակին նվիրված միջոցառումից է, որը կայացավ Մոսկվայի Հայորդյաց տանը` Հայոց պատմության ուսուցչուհի Աննա Թումանյանի բեմադրմամբ և իր դասղեկական` 18 տարեկանից բարձր I դասարանի սաների մասնակցությամբ:
Աննա Թումանյանը Զորավարի կյանքը ներկայացնելիս չէր շրջանցել նրա մանկության մի դրվագը ևս, որտեղ, դասի ընթացքում, Վռամշապուհ քահանան նկարագրում էր հայրենիքի անմխիթար վիճակը, իսկ Անդրանիկը տեղից վեր է թռչում և բացականչում.
—Կերդվեմ, հայրենի՛ք, քո զինվորը պիտի ըլլամ:
Ու հենց Անդրանիկի երդման և անցած ուղուց մի հատվածին էր անդրադառնում «Հաղթանակ` դրոշմված հավերժի խորհրդով» խորագրով միջոցառումը, որտեղ առանցքային գործողությունները կատարվում էին Մշո Առաքելոց վանքում: Այնտեղ էր պատսպարվել Անդրանիկն իր քաջերով և պայքարի դուրս գալով թշնամու դեմ` փորձում էր բարձր պահել հայի հայրենասեր ու մարտնչող ոգին` միաժամանակ փրկության հույս դառնալով վանքում գտնվող որբերի, Մեծ Մայրիկի և իրենց միացած հայդուկների ընտանիքների համար:
«Առաքելոց վանքի կռիվի նկարագրությունը պատահական չէր, քանի որ հենց այդ կռվով օսմանյան կառավարությունը տեսավ, որ հայը չի ընկճվում և պատրաստ է կռվել մինչև վերջ: Իսկ թուրքը, տեսնելով, որ անզոր է գրավել վանքը, գնաց բանակցությունների, սակայն կատարեց Անդրանիկի ու հայդուկների ներկայացրած պահանջներից միայն մեկը` ազատ արձակելով 31 հայ բանտարկյալների: Հետաքրքրականն այն է, որ սաները շատ տպավորված էին մեր պատմության այդ դրվագով և իրենք ցանկացան ներկայացնել Առաքելոց վանքի կռիվը»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Թումանյանը:
Երիտասարդներից յուրաքանչյուրը բեմում ասես վերապրեց Անդրանիկի և նրա քաջերի սխրանքները, տոգորվեց նրանց հայրենասիրությամբ և գուցե լուռ երդվեց`« հայրենի՛ք, քո զինվորը պիտի ըլլամ»: Նրանք այդ պահին զգացին և դահլիճին փոխանցեցին այն նվիրումը, որը հայ պատանուն, երիտասարդին, ծերունուն ստիպեց կրել հայդուկ, ֆիդայի կոչումը, դառնալ հայրենիքի իսկական պաշտպան և ապացուցել, որ պայքարող ոգին վեր է հանգամանքներից, խոչընդոտներից և առաջ է հնարավորություններից: Իսկ երբ թիկունքում ընտանիքը կամ նախնիների գերեզմաններն են, ապա ավելորդ են նահանջի մասին խոսակցությունները:
«Նման միջացառումներից հետո մեր հայրենասիրությունը կրկնապատկվում, եռապատկվում է: Այսօր մենք Անդրանիկին իր քաջերով տեսանք այս բեմում և զգացինք մեր հայդուկների քաջությունը, հավատքը, ոգին: Եվ վերահամոզվեցինք, որ հայը քարի տակ էլ լինի` պիտի ապրի, որովհետև հայ ժողովրդին տրված է ուրիշ ոգի, ուրիշ կամք, որ ապրեցնում է մեր սերունդներին ամեն ինչից շատ»,- դիմելով ներկաներին՝ ասաց «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանը:
Միջոցառումն ուղեկցվում էր հայրենասիրական երգ ու պարով, որտեղ սաները պարզապես փայլեցին իրենց կատարողական արվեստով և հայրենասիրական ոգով: Երաժշտական ձևավորման հեղինակը կրթօջախի երգչախմբի գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանն էր, պարերը բեմադրել էր Անի Մարտիրոսյանը, իսկ նկարչական ձևավորումը Հրաչուհի Մարտիրոսյանինն էր:
«Հաղթանակ` դրոշմված հավերժի խորհրդով» խորագրով միջոցառումն ուղեկցվեց «հայդուկների» կատարմամաբ «Յարխուշտա» ռազմապարով և ավարտվեց հաղթական բերդով ու քոչարիով, որը հայդուկների համար դարձել էր ապրելու ուղի և ապրեցնող կենսակերպ:
Արմինե Կարեյան, Մոսկվա