Խոջալուն՝ ստի ու կեղծիքի հանգրվան

Այսօր ադրբեջանցիները նշում են Խոջալուի «ցեղասպանության» հերթական տարելիցը: Որոշ երկրներում, ի համերաշխություն Ադրբեջանի, նախատեսված են մի շարք միջոցառումներ: Օրերս, իբրև անամոթության բարձրակետ, Մադրիդի «Ատլետիկո» ֆուտբոլային թիմը, գայթակղված նավթադոլարներով, դաշտ դուրս եկավ սև թևկապներով՝ իբրև հարգանքի նշան Խոջալուի «ցեղասպանության»: Վաղուց արդեն խոսվել է այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հորինեցին այդ «ցեղասպանությունը»՝ ինչ-որ չափով արդարացնելու սեփական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում, ձայնակցելու եղբայր թուրքերին, իբրև թե «հակաթույն» ստեղծելու Մեծ եղեռնին: Եվ աշխարհում գտնվեցին ու գտնվում են մարդիկ ու պետություններ, որոնք հավատում են ադրբեջանական կեղծիքին, որոնք «կանաչ լույս» են վառում ստի առջև: Այս առիթով ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս հիշեցնենլ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցներից մեկը, ուր նա տալիս էր այդ հորինված «ցեղասպանության» ճիշտ նկարագիրը.
«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, ամեն ինչ կազմակերված է եղել իմ հրաժարականի առիթ ստեղծելու համար: Ինչ–որ ուժ գործում էր նախագահին հատուկ վարկաբեկելու ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ–որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ: Եթե ես ասեմ, որ ամեն ինչում մեղավոր էր ընդդիմությունը, կասեն, որ ես բամբասում եմ: Սակայն հստակ կարելի է ասել, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից բացվել էր: Այդ դեպքում ինչու՞ պետք է նրանք կրակեին: Առավել ևս Աղդամի մոտակայքում բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց: Կամ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել: Ինձ անընդհատ ասում էին, որ Խոջալուի բնակիչները դիմանում են, սակայն նրանց պետք է օգնել մարդկանցով, զենքով և սննդամթերքով: Ես կարգադրեցի հասցնել օգնությունը ուղղաթիռներով: Սակայն, ինչպես ինձ էին բացատրում, օդաչուները հրաժարվում էին թռչել այնտեղ, քանի որ նրանց մոտ ստինգերներից փախչելու համար հատուկ սարքավորումներ չկային: Այսպես անցավ մի ամբողջ շաբաթ: Այնտեղ մոտակայքում տեղակայված էր Աղդամի խմբավորումը, որը պետք է հետևեր իրադարձությունների զարգացմանը: Հենց որ ռազմական տեխնիկան պաշարեց Խոջալուն, պետք էր անմիջապես տեղահանել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հրաման էի տվել Շուշիի համար՝ տղամարդկանց պահել, իսկ կանանց և երեխաներին տեղահանել: Դա նույնպես պատերազմի օրենքներից է. պետք է փրկել նրանց: Իմ վարքը շատ օբյեկտիվ էր. ես տալիս էի նման հրամաններ, սակայն ինչու՞ այդ հրամանները չկատարեցին Խոջալուում՝ ես չգիտեմ: Իմիջիայլոց, այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. «Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվե´ք մեզ վերցնել նրանց դիակները»: Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ,,:
Չկա առավել հզոր բացահայտում, քան արել է հենց ադրբեջանական առաջնորդը: Ու սա միակն ու եզակին չէ: Ադրբեջանցի շատ զինվորականներ են տեղեկություններ հաղորդել այն մասին, որ հայերը միջանցք են բացել Խոջալուի բնակիչների համար, օգնել, որ խաղաղ բնակչությունը դուրս գա բնակավայրից, նույնը վկայել են այնտեղ հաստատված մսխեթցի թուրքերը, անգամ նշել, որ կրակահերթերն արձակել են ադրբեջանական ժողճակատի զինյալները, նրանք են իրականացրել իրենց հայրենակիցների ջարդը: Սակայն Ադրբեջանը շարունակում է «մոռացության տալ» այս ամենն ու աշխարհին ներկայանալ ցեղասպանվածի կերպարով՝ այսպես նաև ջանալով խղճահարություն առաջացնել իր հանդեպ: Պատմության նենգափոխումը, հայատյացությունը շատ վաղուց այս պետության համար դարձել են քաղաքականություն և յուրատեսակ փիլիսոփայություն, շատ վաղուց Ադրբեջանն աշխարհին ներկայացնում է կեղծիքներ, որոնց միջոցով կամենում է փրկել իր հեղինակությունը, ամեն ինչ շրջել գլխիվայր, թաքցնել Ստեփանակերտի անդադրում գնդակոծումները, Շահումյանի և Գետաշենի կոտորածները, Բաքվում իրականացված իսկական ցեղասպանությունը, որը հաջորդեց Սումգայիթին:
Ժամանակին կեղծիքների մեկնարկը տրվեց ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի կողմից, որը լռեցրեց հայ պատգամավորներին, մասնավորաբար գրող Վարդգես Պետրոսյանին, երբ վերջինս հրապարակավ Սումգայիթում կատարվածը ցեղասպանություն որակեց: Գորբաչովը մտահոգված էր ԽՍՀՄ հեղինակությամբ, գուցեև ադրբեջանցիների պաշտպանությամբ: Նա նաև այսպես քողապատում էր այն գործողությունները, որոնք հետո տեղի ունեցան՝ Շահումյանն ու Գետաշենը վերածելով այրված հանգրվանների… Գորբաչովյան վարվելակերպը որդեգրեցին ազերիներն ու սկսեցին իրենց անամոթ «հաղթարշավը»՝ հասկանալով, որ կարող են իրենց ահռելի ֆինանսական ներդրումներով աշխարհը պահել ստի ու կեղծիքի մեջ, որ կարող են հորինել գոյություն չունեցած մի «ցեղասպանություն»՝ պարտակելու հատկապես 20-րդ դարի առաջին երկու տասնամյակում ներկայիս Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած հայկական կոտորածները, որոնց մեկնարկը դարասկզբին տրվեց Շուշիում: Հատկապես ռուսական գեղարվեստական գրականության մեջ, Օ. Մանդելշտամի պոեզիայում, արտացոլված է Շուշիի ողբերգությունը: Բաքվի, Ելիզավետպոլի հայկական կոտորածները ևս իրենց տեղն ունեն պատմական ու գեղարվեստական գրականության մեջ, իսկ հենց վերջերս ազերի գրող Այլիսլիի վեպը ներկայացրեց Նախիջևանի մեծ ողբերգությունը…
Ադրբեջանում շատ լավ գիտեն ու հասկանում են, որ պատմության նենգափոխումը մի օր դատապարտվելու է, որ մեծագույն ճշմնարտությունն իր ավերիչ հորձանքի տակ է առնելու ամեն սուտ ու կեղծիք, ուստի հիմա, երբ իրենց համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ աշխարհի գերտերություններից շատերը հապաղում են ճանաչել Ցեղասպանությունն Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում, փորձում են առաջ անցնել՝ քողարկելու իրականությունը, կեղծիքը դարձնելու պատմության գլխավոր շարժիչ ուժը…
Ադրբեջանը ոգևորվում է, որ գտնվում են համախոհներ, գտնվում են կազմակերպություններ, որոնք ճանաչում են «Խոջալուի ցեղասպանությունը» , դատապարտում այն: Սակայն ի՞նչ կազմակերպություններ են դրանք, ի՞նչ երկրներ են: Եթե Հոնդուրասն է ճանաչում գոյություն չունեցածը, եթե Չեխիայի խորհրդարան է տարվում ճանաչման բանաձևը, ապա կարող ենք անհանգստություն չապրել, կարող ենք ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ որևէ դերակատարություն չունեցող Իսլամական համագործակցության կազմակերպությունն է համերաշխություն հայտնել Ադրբեջանին և ճանաչել «ցեղասպանությունը»: Այս կազմակերպության անդամ շատ երկրներ հաճախ են խույս տալիս հակահայկական բանաձևերի ընդունումից, ինչպես մեր հարևան Իրանը, այս կազմակերպության որոշումներն ու բանաձևերը չեն առաջացնում իրավական հետևանքներ, սակայն նաև մտահոգվելու առիթ են տալիս, որովհետև քայլ առ քայլ սուտն իր համար ճանապարհ է բացում…
Ուրեմն, իսկապես ժամանակն է, որպեսզի համախմբենք մեր ջանքերն ու հակահարված տանք ադրբեջանական կեղծիքներին: Ցեղասպանության 100-րդ տարելիցը շատ լավ առիթ է թուրքական և ադրբեջանական կեղծիքները երևան հանելու, դատապարտելու համար: Իսկ դատապարտման համար ջանքերի միասնականացում է պահանջվում:
Լևոն Մութաֆյան