Խրախուսվում է հայապահպանությունը

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած՝ ՀՀ տարածքային կառավարման և սփյուռքի նախարարությունների ատյանի համատեղ ընդլայնված նիստի օրակարգային հարցերից մեկն էլ նվիրված էր «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության ընթացքին: Այս հարցը, բնականաբար, Սփյուռքի նախարարությունն իր համար գերակա է դարձրել հիմնադրման առաջին օրվանից` գիտակցելով, որ հայապահպանությանն ուղղված ցանկացած խրախուսանք խթան է հանդիսանում, նպաստում այն բանին, որ Սփյուռքում շատերը մղվեն դեպի հայապահպանությունը, լեզվի հանդեպ սրտացավ վերաբերմունքի ձևավորումը:
ՀՀ Սփյուռքի նախարարությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի հետ տակավին 2011-ի գարնանը հայտարարել է «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար»հերթական համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը: Արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն այս տարի ընդգրկել է երեք անվանակարգ.
«Մայրենիի լավագույն ուսուցիչ»
«Լավագույն երիտասարդական կազմակերպություն»
«Կտոր մը հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտություններ:
Յուրաքանչյուր անվանակարգի համար ՀՀ Սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից ձևավորվել են մասնագիտական մրցութային հանձնաժողովներ, որոնք մշակել են հայտադիմումները, գնահատման չափանիշները: Ուրախալի է այն հանգամանքը, որ արդեն իսկ ստացվել են բազմաթիվ հայտեր` ընդհանուր առմամբ 69 հայտ բոլոր երեք անվանակարգերում, ինչը վկայությունն է այն բանի, որ աստիճանաբար հայապահպանության խնդիրներն իրենց արձագանքներն են գտնում Սփյուռքում, հետաքրքրում շատերին, հատկապես երիտասարդության շրջանում ձևավորում հետաքրքրություն: «Կտոր մը հայրենիք» անվանակարգում ստացվել է 16 հայտ, իսկ սա արդեն կարելի է համարել ձեռքբերում, քանզի հայագիտական հետազոտությունների հանդեպ ուշադրությունն արդեն աստիճանաբար ընդարձակում է իր տիրույթները, հատկապես Սփյուռքում ապրող երիտասարդությանը մղում դեպի հայագիտական հետազոտությունները:
«Բոլոր ժամանակներում հայ ստեղծագործ ու ճկուն մտքի շնորհիվ հնարավոր է եղել հայ ժողովրդի դիմակայումը ճակատագրի փորձություններին: Երիտասարդությունը կայանալով, այդ փորձությունների մասին գիտելիքներ ստանալով և նոր ժամանակներում նույն այդ փորձությունների ականատեսը լինելով, ձևավորում է իր աշխարհատեսությունն ու արժեքային համակարգը: Յուրաքանչյուրն ունի Հայրենիքի իր ընկալումը, և այս հետազոտությունները հրաշալի հնարավորություն են ընձեռում ճանաչելու այն երիտասարդության աչքերով»,- նշվեց ատյանի նիստի ժամանակ: Չսահմանափակելով մասնակիցների կազմը` Սփյուռքի նախարարությունը հայտարարել է, որ երիտասարդական հայագիտական հետազոտությունների մրցույթին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:
Հայագիտական հետազոտություններն առավել նպատակային դարձնելու համար ցանկալի կլինի, որ հանձնախումբը նաև մշակի որոշակի թեմաներ, սկզբունքներ, հետազոտությունների պատրաստման հարցում ակնկալի նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի հայագիտությամբ զբաղվող ինստիտուտների աջակցությունը, ինչպես նաև ներգրավի բուհերի՝ գիտությամբ զբաղվող ամբիոններին: Նպատակային հետազոտությունները ոչ միայն կխթանեն հետաքրքրությունը հայագիտության հանդեպ, այլև կնպաստեն այն բանին, որ ուսումնասիրություններն ընդգրկվեն կրթական ծրագրերում, կիրառական նշանակություն ունենան մասնավորաբար Սփյուռքի ուսումնական հաստատություններում: Այս ցանկության իրագործման համար նախընտրելի է մասնագիտական հանձնախմբերում ընդգրկել նաև գիտնական-խորհրդատուների:
Լևոն Մութաֆյան