Սարկոզիի այցի շարունակուող արձագանքները

Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի` հարաւկովկասեան երկրներ կատարած այցից յետոյ արդէն որոշակի ժամանակ է անցել, սակայն թէ՛ արեւմտեան, թէ՛ ադրբեջանական լրատուամիջոցները շարունակում են քննարկել այցերը, տալ գնահատականներ, վերլուծել Ֆրանսիայի նախագահի արտայայտած որոշ մտքէր: Նման ուշադրութիւնը պատահական չէ, քանզի տարածաշրջանային այց էր կատարել Եւրոպայի խոշորագոյն երկրի ղեկավարը, այն երկրի, որն այսօր ութնեակի անդամ լինելով` ինքն է թելադրում եւրոպական քաղաքականութեան հիմնադրոյթները, ձեւաւորում է տրամադրութիւններ, պատնէշում մի շարք որոշումներ, որոնք կարող են էական վտանգ ներկայացնել Եւրոպայի համար:
Սարկոզիի այցի հանդէպ ադրբեջանցիների համակ ուշադրութիւնն ունի իր պատճառաբանութիւնները: Անտարակոյս, այս խորապատկերին չպէտք է անուշադրութեան մատնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի այցը Հայաստան եւ այստեղ արտասանած նրա խօսքը, որը ուղղակի բաց տեքստով Թուրքիային եւ Ադրբեջանին յղուած յորդոր էր, նաեւ` պահանջ: Համանախագահող երկրներից մէկի նախագահի այցը Հայաստան, նրա յստակ արտայայտուած դիրքորոշումը, ապա կարճատեւ հանդիպումը Բաքւում վկայութիւնն են այն բանի, որ ի դէմս Ֆրանսիայի, որը վերջին շրջանում պասիւ դիրք էր գրաւել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այսօր արդէն ԼՂՀ-ն ունի բարեկամ մի երկիր, որը երբեք չի գնայ այնպիսի հանգուցալուծման, ինչը կը լինի ի վնաս Արցախի: Որքան էլ որ Սարկոզիի ելոյթներում կարծես բացակայում էր ղարաբաղեան խնդրի համակողմանի քննարկումը, այնուամենայնիւ, ադրբեջանցիներն իսկական ցայտնոտի մէջ են: Նրանք Սարկոզիի` իրենց երկիր այցը որակել են իբրեւ Ֆրանսիայի նախագահի կողմից ցուցադրաբար նուաստացում Ադրբեջանին: Ինչպէս յայտնի է, Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին Բաքւում մնացել է ընդամէնը 2.5 ժամ, որը, ըստ ադրբեջանական լրատուամիջոցների, Ադրբեջան կատարած պաշտօնական այցերից ամենակարճաժամկէտն է: Սարկոզին այդ ժամանակահատուածում առանձնազրոյց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ, նրա կնոջը` Մեհրիբան Ալիեւային է յանձնել «Պատուոյ լեգէոն» շքանշան: Այնուհետեւ ճաշել է Ալիեւի հետ, մասնակցել ֆրանսիական դպրոցի բացման արարողութեանը եւ հեռացել երկրից:
«Եւ դա այն դէպքում, երբ Սարկոզին գրեթէ մէկ օր է անցկացրել Երեւանում, այցելել է Ցեղասպանութեան զոհերի յուշարձան եւ հնչեղ յայտարարութիւն արել Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ»,- գրում են ադրբեջանական լրատուամիջոցները` ընդգծելով, որ Սարկոզին Հայաստանում սպառնացել է ընդունել Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծ, իսկ Բաքւում նոյնիսկ ժամանակ չի գտել այցելելու Շեհիդների (նահատակ) ծառուղի եւ ճեպազրոյց տալու: Այստեղ, ի հարկէ, ադրբեջանցիները միտումնաբար խեղաթիւրում են փաստերը, ընդունում վիրաւորուածի կեցուածք` չկամենալով սեփական ժողովրդին առաջին հերթին ասել ճշմարտութիւնն այն մասին, որ Նիկոլայ Սարկոզիի այցը Հայաստան սովորական այց չէր, այն պետական այց էր, մինչդեռ Բաքու եւ Թբիլիսի կատարած այցերը որակւում էին որպէս աշխատանքային այցեր:
Ադրբեջանցիներին յատկապէս վրդովուեցրել է փաստը, որ Երեւանում Ֆրանսիայի նախագահը խօսել է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման, ինչպէս նաեւ այն մեծ սիրոյ մասին, որը ֆրանսիացիները տածում են Հայաստանի նկատմամբ: «Մի խօսքով, նմանատիպ պահուածքով Սարկոզին ցուցադրաբար նուաստացրեց Ադրբեջանին»,- եզրահանգում է ադրբեջանական մամուլը: Ադրբեջանական մամուլի յայտարարութիւնները եւ գնահատականները հանդիսանում են պաշտօնական Բաքուի գնահատականներ, քանի որ այս երկրում մամուլն ազատ չէ եւ չի կարող սեփական գնահատականներն ու դատողութիւնները ներկայացնել` չունենալով իշխանութիւնների պատուերն ու համաձայնութիւնը: Ադրբեջանական իշխանութիւններն, ի հարկէ, միամիտ չեն եւ գիտեն, որ աշխատանքային այցի շրջանակներում Սարկոզին չէր կարող աւելին անել կամ խախտել արարողակարգային սկզբունքները, սակայն միտումնաբար խեղաթիւրելով ճշմարտութիւնը` նրանք մի խնդիր են լուծում. անվստահութիւն սերմանել Ֆրանսիայի հանդէպ, կասկածի տակ դնել նրա սկզբունքայնութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցութիւնների առթիւ: Բաքւում շատ լաւ էլ գիտակցում են, որ Ֆրանսիայի կեցուածքն ու դիրքորոշումը դեռեւս չեն կարող վճռորոշ լինել, որովհետեւ թէ՛ պաշտօնական Վաշինգտօնը, թէ՛ Մոսկուան հէնց այն օղակներն են, որոնց համար գոյութիւն չունեն իրաւական սկզբունքներ, կոնուենցիաներ. նրանք առաջնորդւում են սեփական շահերով, սեփական խնդիրների գերակայութիւններով:
Այսօր արդէն յայտնի է, որ ԱՄՆ պէտքարտուղարի տեղակալը մօտ օրերս ժամանում է Բաքու` իր հետ բերելով նոր առաջարկութիւներ: Ըստ տեղեկութիւնների` այդ առաջարկութիւնները վեցն են: Հայկական կողմը հաւաստիացնում է, որ նոր առաջարկութիւնների փաստը խօսում է այն մասին, որ նախկին բոլոր առաջարկութիւնները, որոնք արել էր Ադրբեջանը, այլեւս գոյութիւն չունեն, իսկ նոր առաջարկութիւնները չեն կարող շրջադարձային լինել, քանի որ ցանկացած առաջարկութիւն պէտք է համաձայնեցուի Հայաստանի հետ: Բայց միայն համաձայնեցման խնդիրը չէ: Բազմաթիւ անգամներ հայկական կողմը յայտարարել է, որ իր համար գոյութիւն չունեն այնպիսի սկզբունքներ, որոնք վեր լինեն ազգերի ինքնորոշման սկզբունքից: Հետեւաբար, ցանկացած առաջարկութիւն իր մէջ պէտք է պարունակի այս դրոյթը: Դրոյթն, ի հարկէ, շատերը չեն մերժում, չեն հանում օրակարգից, սակայն դրոյթի ընդունման հետ մէկտեղ չի բացառւում, որ հայկական կողմին առաջարկեն այնպիսի փոխզիջումներ, որոնք վտանգաւոր լինեն մեր պետութեան անվտանգութեան եւ հէնց Լեռնային Ղարաբաղի համար: Նկատենք, որ Կրեմլում յաճախ շրջանառուել են հէնց փոխզիջումների այնպիսի տարբերակներ, որոնք ամրապնդեն Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում` ի հաշիւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի: Ահա այստեղ է, որ Հայաստանը պէտք է լինի չափազանց զգոյշ եւ շրջահայեաց: Օրերս ոչ պատահաբար Բաքուից յայտարարութիւններ հնչեցին այն մասին, թէ իբր Հայաստանի բանակը 34 տոկոսով գերազանցում է ադրբեջանական բանակին, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանը խախտել է բանակի եւ սպառազինութիւնների մասին միջազգային պարտաւորութիւնները: Ոչ մի յայտարարութիւն պատահական չի արւում, Բաքուն էլ իր որոշ յայտարարութիւններ անպայմանօրէն համաձայնեցնում է իր մի շարք ռազմավարական գործընկերների հետ, որոնցից մէկն էլ Ռուսաստանն է: Այս յայտարարութիւնը կարող է պարունակել մի այնպիսի ենթատեքստ, որի մասին վերջերս բացայայտ խօսակցութիւններ եղել են: Խնդիրը վերաբերում է տարածաշրջանում այսպէս կոչուած խաղաղարար ուժերի տեղակայմանը, ինչին յաւակնում է Ռուսաստանը: Ռուսական ուժերի տեղակայման դէպքում չի բացառւում, որ Թուրքիան, որպէս Մինսկի խմբի անդամ երկիր, նոյնպէս ցանկութիւն յայտնի մասնակցել խաղաղարար գործողութիւներին, ինչն էլ կը մեծացնի լարուածութիւնը տարածաշրջանում, ոտքի կը հանի Իրանին, որը երբեք թոյլ չի տայ, որ իր սահմանի մօտ յայտնուեն թուրքական զօրքեր: Մինչդեռ Թուրքիայի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի համար հէնց այս տարբերակն է ձեռնտու, որպէսզի վերահսկողութիւն սահմանի այստեղ:
Հայաստանում եւս քաղաքագիտական շրջանակները Ֆրանսիայի նախագահի այցից առանձնակի ոգեւորութիւն չեն ապրում յատկապէս ԼՂ կարգաւորման առումով: Հայ քաղաքագէտ Երուանդ Բոզոյեանի դիտարկմամբ` չնայած ակնյայտ էր, որ «Ադրբեջանում Սարկոզիի վերաբերմունքը ֆորմալ էր, ասիմետրիկ, սակայն դրանից մեծ սպասելիքներ պէտք չէ ունենալ: Ֆրանսիացիները ԼՂ խնդրի լուծման առումով մեծ ջանքեր չեն գործադրի, եւ չարժէ նորութիւնների սպասել: ԼՂ բանակցային գործընթացի անցած փորձը ցոյց է տալիս, որ արագ լուծում չի լինելու` անկախ ամէն ինչից, եթէ նոյնիսկ Լուսնից էլ մարդիկ իջնեն: Խնդիրը մօտ ժամանակներս չի լուծուի, որովհետեւ խնդրի լուծումը շատ բարդ է, իսկ կողմերի դիրքորոշումները` խիստ տարբեր»:
Երեւանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին ԼՂ հակամարտութեանը լուծում տալու հետեւեալ կոչով էր հանդէս եկել. «Ոչ մի երկիր Ֆրանսիայից լաւ չի կարող հասկանալ, թէ ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտութիւնը եւ գտնել հաշտեցման ուղին: Հայաստանն իրաւունք ունի այլեւս չապրել մեկուսացած պայմաններում, որովհետեւ այս պարտադրուած կղզիացումն անասելիօրէն արգելակում է նրա բարգաւաճումը եւ երիտասարդութեան ապագան»:
Սարկոզին յատկապէս ուշադրութիւն հրաւիրեց ոչ վաղ շրջանի պատմութեանը, եւրոպական իրողութիւններին եւ առաջ քաշեց այն միտքը, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատմութիւնը ցոյց է տալիս, որ ամենածանր պահերին ժողովուրդները կարող են հաշտուելու ուժ գտնել. «Սայ հէնց այն ուղին է, որ դուք` հայերդ ու ադրբեջանցիներդ, պէտք է ընտրէք: Ձեզ համար նոյնպէս եկել է յանուն խաղաղութեան ռիսկի գնալու պահը: Գիտեմ, հայ ժողովուրդը բաւական կամք, իսկ Հայաստանի նախագահն էլ` բաւարար ուժ ունի, որ գնայ նման քայլի: Այս ուղերձն է, որ հետս տանելու եմ Բաքու»:
ANS-ի տեղեկացմամբ, Բաքւում Սարկոզին մամուլի համար որեւէ յայտարարութիւն չի արել: «Հակառակ այն բանին, որ Նիկոլայ Սարկոզիից առաջ խօսեց Իլհամ Ալիեւը, որի ելոյթի մեծ մասը նուիրուած էր ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին, որքան էլ տարօրինակ է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիայի նախագահն իր ելոյթներում բառ անգամ չասաց ԼՂ հիմնախնդրի մասին»,- նշում է ANS-ը: Մինչդեռ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արման Նաւասարդեանի` մամուլում հնչեցրած կարծիքով, Ֆրանսիան մեծ խաղացող է աշխարհաքաղաքական հարթութիւնում, եւ նման յայտարարութիւններն արդէն հայկական արտաքին քաղաքականութեան յաջողութիւն կարելի է համարել: «Դայ ճեղք է դէպի Արեւմուտք»,- նշել է դեսպանը: Արման Նաւասարդեանը նաեւ այն հարցի պատասխանն է տուել, որը հետաքրքրում եւ անհանգստացնում է յատկապէս ադրբեջանական հանրութեանը. այդ հարցը վերաբերոմ է հակամարտող երկրներում արուած յայտարարութիւնների տարբերութեանը. «Սիմետրիկ չէր էլ կարող լինել, որովհետեւ ֆրանսիացիների մէջ նստած է հայկականութեան սինդրոմը: Ֆրանսիացին չի կարող ադրբեջանցու հետ վարուել այնպէս, ինչպէս հայի հետ, դա զուտ մարդկային ֆակտորն էր խօսում: Ուրիշ բան, որ կան աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք չի կարող շրջանցել»:
Լեւոն Մութաֆեան