Իրանցիների նոր գյուտը Հայաստանի գյուղատնտեսությանը մեծ արդյունքներ է խոստանում

Իրանցի գյուտարարների ստեղծած օրգանական նոր նյութը՝ «Ալքազոթ փլաս», որը փոխարինում է քիմիական պարարտանյութերին, կիրառվելու է Հայաստանում և նպաստելու է գյուղատնտեսության զարգացմանը: Այս մասին այսօր «Ալքազոթ փլաս»–ը ներկայացնելիս ասաց Հայաստանում այդ նյութի արտադրությամբ զբաղվող «Արմեն Բիոթեք» ՍՊԸ տնօրեն Սիամաք Ալիզադեհը:

Գյուտի հեղինակները խոստանում են դրա միջոցով ստանալ մշակաբույսերի ավելի մեծ արդյունք՝ քիմիական պարարտանյութերից մոտ 40%-50% ավելի էժան գներով:

«Արմեն Բիոթեք» ՍՊԸ–ը մոտ 15 տարի Իրանում զբաղվում է պարարտանյութերի արտադրությամբ, և ուսումնասիրելով համաշխարհային շուկան՝ իրենք հարմարավետ են գտել Հայաստանում կազմակերպել այդ արտադրությունը: Այդ պատճառով էլ անցած տարվա ամռանն իրենց ընկերությունը գրանցել են Հայաստանում:

«Մենք արդեն Աբովյանում արտադրություն ենք կազմակերպել, մեր արտադրությամբ կկարողանանք ինչ-որ տնտեսական օգուտներ բերել Հայաստանին»,- ասաց նա:

Խոսելով նյութի մասին՝ ընկերության տնօրենը տեղեկացրեց, որ այն ցանքի ժամանակ սերմի հետ են կիրառում, քանի դրա բակտերիաներն արմատների վրա հիմնավորվում են և կարողանում են օգտագործել օդում եղած ազոտը և այդպիսով օգտակար լինել բույսին:

Սիամաք Ալիզադեհը բացատրեց, որ բույսը լավ աճեցնելու համար այս նյութի շնորհիվ արդեն կարիք չի լինի օգտվել քիմիական ազոտական պարարտանյութերից։

Ընկերության փոխտնօրեն Վանիկ Նաիրյանն էլ ասաց, որ այս տեխնոլոգիան օգնում է բույսին ստանալ պարարտ նյութեր օդից, հողից: Դրա մեկ սրվակը համարժեք է երեք պարկ քիմիական պարարտանյութին:

«Ամբողջ աշխարհը գնում է դեպի օրգանական արտադրություն, և այս կերպ մինչև 20-25% տնտեսական արդյունավետություն է ակնկալվում»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանի բոլոր մարզերում սահմանելու են գնային նույն քաղաքականությունը:

Վանիկ Նաիրյանը նաև նշեց, որ ստեղծված օրգանական պարարտանյութն արդեն ջերմոցներում փորձնական կիրառել են, և արդեն շատ լավ արդյունքներ են գրանցվում:

http://www.tert.am/

 

Scroll Up