Ռումինիայի հայերը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել են Դողու Փերինչեքի կողմից հայոց ցեղասպանության ժխտման գործը բողոքարկելու կարեւորությունը

Ռումինիայի Հայ դատի գրասենյակը Ռումինիայում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Տաթեւ Հակոբյանի հետ համատեղ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի դեսպան Ժան-Յուբեր Լեբեի հետ: այդ մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպման նպատակն էր դեսպանին հասցնել անհրաժեշտությունն այն մասին, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է բողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կապված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հետ:

Հանդիպման ընթացքում, որին ներկա էր նաեւ Ռումինիայի խորհրդարանի անդամ Վարուժան Փամբուկչյանը, կրկին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կարեւորությունը: Մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Փերինչեքի գործով կայացված որոշման: Մասնակիցների անհանգստությունները նամակի տեսքով փոխանցել են դեսպանին, ով իր մտահոգությունն է հայտնել տվյալ հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:

NEWS.am

Scroll Up