Համանախագահն իրավիճակին չի՞ տիրապետում

Օրերս ԱՄՆ պետքարտութղար Ջ. Քերրին հայտարարեց, որ  իր երկիրն ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցերը: Անգամ եթե հրապարակային հայտարարություններ չեն արվում, դա չի նշանակում, թե հարցն ուշադրությունից դուրս է: Ոգևորող է պետքարտուղարի հավաստիացումը, սակայն այս հայտարարության խորապատկերին առնվազն տարօրինակ պիտի համարել ամերիկյան համանախագահողի դիրքորոշումն ու արած հայտարարությունը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է. «Վերջին օրերին մենք դարձանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության ականատես, ինչն անհանգստություն է առաջացնում, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ կարգավորման որոնումներին: Խնդիրն այն է, որ կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին»,­-այսպես է արտահայտվել  դիվանագետը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները իրենց կառավարություններին կոչ կանեն հրաժարվել բռնությունից: Անտարակույս, տարօրինակ պիտի համարել այն հանգամանքը, որ հերթական անգամ Հայաստանն ու Ադրբեջանը դրվել են կողք կողքի, նույնացվել են իրավիճակները: Սակայն շարունակենք:
Համանախագահողի այս հայտարարությունը, պարզվում է, յուրատեսակ խթան է հանդիսացել ադրբեջանական կողմի համար, քանի որ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն է տարածել նաև Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաևը, ով հայտարարել էր, որ եթե իրավիճակը մոտ ապագայում չկարգավորվի, ապա դա իրավիճակի էսկալացիայի առումով  իրական սպառնալիք կստեղծի:
Նախորդ շաբաթվա վերջին  իր հերթական զեկույցն է հրապարակել նաև Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), որում անդրադարձել է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրին և, մասնավորապես, սահմանագծին ստեղծված լարված իրավիճակին: ԼՂ հիմնախնդրին վերաբերող հատվածում նշվում է , որ հունվար ամսին  հայ­-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-­ադրբեջանական զորքերի շփման գծում մի շարք միջադեպեր են գրանցվել: Ըստ զեկույցի՝ արձանագրված բախումներն ու երկու կողմից հնչող պաշտոնական հայտարարություններն իրավիճակն աննախադեպ վտանգավոր են դարձրել:

 Երեք մեկնաբանության մեջ էլ շեշտվում է իրավիճակի լարվածության խնդիրը, երեք հայտարարության հեղինակներն էլ հատկապես անդրադառնում են ռազմական գործողությունների վերսկսման խնդրին, ինչը կարող է աղետալի լինել ողջ տարածաշրջանի համար: Սակայն ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և ճգնաժամային խմբի ղեկավարի հայտարարությունները կարծես գրված են նույն տեղում, նրանք իրենց հռետորաբանությամբ խիստ նույնական են, ինչն էլ նշանակում է, որ ՄՃԽ-ն ջանք չի թափել սեփական հայտարարության տեքստ պատրաստելու համար, այլ գրեթե նույնությամբ կրկնել է ադրբեջանական հայտարարությունը: Սակայն առավել տարօրինակն այն է, որ ամերիկացի համանախագահողն է կորցրել իրատեսությունն ու երկու կողմին հասցեական մեղադրանքներ է ներկայացրել՝ ստեղծելով այն տպավորությունը, թե իրավիճակի սրման հարցում մեղավոր են երկու կողմն էլ, թե հայկական կողմն էլ հանդիսանում է համարժեք գործողությունների կրողը: Սա իսկապես տարօրինակ է, եթե չասենք, որ համանախագահողը հեռացել է իրականությունից և հանդես եկել մի հայտարարությամբ, որում գլխիվայր շրջվել է իրականությունը:

Ինչու՞ է Ուորլիքը մղվել համահարթեցմանը, ինչու՞ է անտեսել այն հանգամանքը, որ ինչպես ղարաբաղա-ադրբեջանական, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմաններին լարվածություն ստեղծողը հենց Ադրբեջանն է… Այս հայտարարությունը հուշում է, որ հետայսու անհրաժեշտ պիտի լինի կանխել ամեն մի համահարթեցում և իրավիճակները գնահատել օբյեկտիվորեն, ինչը կհանգեցնի ճշմարիտ և համակողմանի քայլերի մշակմանը:

Լ.Մ.

Scroll Up