«ԱՐԻ ՏՈՒՆ-2014»-ը մեկնարկում է

Հարգելի´ հայրենակիցներ

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության 2014 թվականի «Արի տուն» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

Ծրագիրը մեկնարկում է 2014թ. հունիսի 15-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 30-ը, որի ընթացքում սփյուռքահայ 13-18 տարեկան երիտասարդները երկշաբաթյա փուլերով կհյուրընկալվեն հայաստանաբնակ ընտանիքներում, կմասնակցեն ծրագրի ճամբարային փուլին:

Հյուրընկալող ընտանիքների ընտրությունը կատարվում է Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով. երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Սփյուռքահայ երիտասարդների` Հայաստան այցելությունները կազմակերպվում են Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է այցելություններ թանգարաններ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզու, հայրենագիտություն, ազգային երգ, պար և այլն: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Համոզված ենք, որ «Արի տուն» ծրագիրը մեծապես կնպաստի հայապահպանությանը և հայադարձությանը, երիտասարդների միջև հաղորդակցության միասնական ցանցի ստեղծմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
ՀՀ սփյուռքի նախարարություն 
Հասցե` ք.Երևան 0010, Վ. Սարգսյան 26/1,
Հեռ.` (+37410) 58-56-01 (117)

52-02-46, 52-14-10
Էլ. փոստ` [email protected][email protected]

Կից ներկայացնում ենք ծրագրին մասնակցության պայմանները.

3.Aritun-Application-Arm-1

5.Aritun-Application-Eng-1

7.Aritun-Application-Rus

Scroll Up