Ճանաչման նոր մեկնարկը՝ Եվրոպայից
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/41.jpg)
Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող՝ Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների» հավաք-հանդիպումը: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցից ընդամենը մեկ տարի առաջ արդեն նոր թափ է հաղորդվում կազմակերպչական աշխատանքներին՝ այսպիսով Եվրոպան դարձնելով այն կարևորագույն առանցքներից մեկը, որտեղից պիտի սկիզբ առնեն ճանաչման գործընթացի նոր նախաձեռնություններն ու քայլերը: Թվում էր, որ առաջնային պիտի համարվեր Մերձավոր Արևելքը, քանզի Մեծ եղեռնից հետո հենց այստեղ բնակություն հաստատեցին կոտորածներից մազապուրծները, Լիբանանում ու Սիրիայում ձևավորեցին մեծագույն համայնքները, որոնք դարձան հայկական աշխարհի պատառիկներ, նոր հանգրվաններ, ուր վերընձյուղվեցին շատ ընտանիքներ, նորից ապրեցին հայ եկեղեցին ու հայ դպրոցը… Եղեռնից փրկվածներից շատերն էլ ապաստան գտան Եգիպտոսում ու Իրաքում՝ հնուց ի վեր գործող ազգային գաղութներին նոր հեռանկարներ պարզելով:
Սակայն այսօր Մերձավոր Արևելքը հայտնվել է քաղաքական խժդժությունների ու պատերազմների բովի մեջ, կազմաքանդվում են մոտ հարյուր տարի ձևավորված ազգային կառույցները, այդ երկրների հասարակական կառուցվածքներում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք այլևս անհնար են դարձնում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակողմանի կազմակերպումները: Միայն Լիբանանն է, որը կարող է կենտրոն հռչակվել, իր շուրջ համախմբել Մերձավոր Արևելքի՝ դեռևս իրենց գոյությունը պահպանող համայնքային ու ազգային կառույցները և գործուն ներկայություն հաստատել միջոցառումների շարքում:
Հետևաբար Եվրոպան պատահականորեն չի ընտրված: Եվ այն էլ՝ Բրյուսելը, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, եվրոպական մի շարք կառույցների կենտրոնը: Ցեղասպանությունից հետո մազապուրծ հայազանգվածները հիմնականում հանգրվանեցին Ֆրանսիայում, իսկ ահա 20-րդ դարավերջին, մերձավորարևելյան պատերազմներից ու քաղաքական անկայունություններից հետո, Եվրոպայում բնակություն հաստատեցին շատ սիրիահայեր, իրաքահայեր, լիբանանահայեր: Նրանց միացան նաև 1990-ականների կեսերից Եվրոպա տեղափոխված շատ հայաստանցիներ, որոնք հեռացան երկրից տնտեսական ու պատերազմական դժվարությունների, նաև՝ նոր պայմաններում ինքնահաստատվելու պատճառով: Եվ այսօր Եվրոպան է դարձել հայության գլխավոր հանգրվաններից մեկը, որն իր ներկայությունն է հաստատել տարբեր երկրների մշակութային, կրթական ու գիտական իրողություններում: Ուստի հենց նրանց ներուժի օգտագործմամբ է անհրաժեշտ հասնել Ցեղասպանության ճանաչմանն ու գնահատմանը, մեր պատմության ամենաողբերգական հատվածներից մեկի հանրահռչակմանը:
Իսկ այս հանրահռչակումը պետք է՝ ոչ միայն մշտապես 1,5 միլիոն զոհերի հիշատակը վառ պահելու, այլև մարդասիրության գաղափարները հաստատելու համար: 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանությունը մարդկության պատմության մեծագույն ոճիրներից մեկն է, որը ժամանակի մեջ չգնահատվեց, որի հանդեպ չձևավորվեց համապատասխան վերաբերմունք… Այսօր արդեն, մեծ ողբերգությունից մոտ հարյուր տարի անց, հայ ժողովուրդը դառնում է ոչ միայն իր դեմ գործված ոճրի դատապարտողը, այլև իր միջոցով կամենում է մարդկությանը մղել դեպի բարոյական ըմբռնումների նոր հանգրվան:
Այսօր Եվրոպայում են տեղի ունենում դարակազմիկ շատ իրադարձություններ, Եվրոպան է դարձել աշխարհի այն բևեռներից մեկը, որը թելադրում է համաշխարհային քաղաքականությունը: Այդ քաղաքականության մեջ անպայմանորեն իր տեղը պիտի ունենա Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, մանավանդ որ այսօր Թուրքիան դեպի Եվրոպա է ձգտում՝ կամենալով դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: Եվրոպան միակարծիք ու միասնական չէ Ցեղասպանության ճանաչման հարցում: Ամեն երկիր իր մոտեցումներն ու իր քաղաքականությունն ունի, սակայն Ցեղասպանության փաստը չպետք է դառնա սեփական շահերի ու քաղաքական խնդիրների շահարկման միջոց:
Ահա այս գիտակցումն է նաև պատճառը, որ հավաք-հանդիպումը դարձավ չափազանց ներկայացուցչական, ներկա գտնվեցին մի շարք ՀՀ դեսպաններ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարների պաշտոնակատարներ Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, այլք: Իսկ եվրոպական Սփյուռքը ներկայացված էր 45 պատվիրակով:
…Ճանաչման նոր մեկնարկը տրված է: Ուրեմն, ամեն ոք պարտավոր է անել իր ուժերի ներածին չափով և ջանք թափել, որպեսզի 2015 թվականը դառնա Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման տարի:
Լևոն Մութաֆյան