ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Շառավիղ» երգչախմբի հիմնադիրներին

Հունվարի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստան տեղափոխված սիրիահայերի «Շառավիղ» երգչախմբի հիմնադիրներ Մկրտիչ Փանոսյանին, Թամարա Մութաֆյանին և խմբավար Գայանե Սիմոնյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Նախարարը բարձր գնահատեց «Շառավիղ» մանկական երգչախմբի շնորհաշատ կատարումները և կոմիտասյան երգացանկով հանդես գալը: Նախարար Հրանուշ Հակոբյանը ծանոթացավ երգչախմբի խնդիրներին և պատրաստակամություն հայտնեց՝ օժանդակել դրանց լուծմանը:

«Շառավիղ» երգչախումբը ստեղծվել է 2013-ի սեպտեմբերին և կարճ ժամանակահատվածում կարողացել է գրավել հանդիսատեսի համակրանքը: Երգչախմբում երգում են մոտ հիսուն սիրիահայ երեխաներ: Օրեր առաջ նրանք իրենց կատարումներով հանդես եկան մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված միջոցառմանը, և նրանց աշխատանքի բարձրագույն պարգևը եղավ մաեստրոյի «բրավո» բացականչությունը:

Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին և ներկաներին՝ ցուցաբերած ուշադրության, ջերմության և հոգատար վերաբերմունքի համար: Իսկ «Շառավիղ» երգչախմբին մաղթեց հաջողություններ, բազմահազար հանդիսատես ու բեղմնավոր գործունեություն:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Շառավիղ» երգչախմբի խմբավար Գայանե Սիմոնյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

Scroll Up