40 հայաստանցի երեխաներ իրենց ձմեռային արձակուրդներն են անցկացնում Նիդերլանդներում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/unnamed-26.jpg)
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Նիդերլանդներում մեր կայքի թղթակիցը, հունվարի 19-ին Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում էին հյուրընկալվել Հայաստանից ժամանած երեխաներ՝ թվով 20 հոգի, որից 15-ը՝ Գյումրիի անապահով ընտանիքներից, և 5-ը՝ Վանաձորի մանկատան երեխաներ:
Երեխաները իրենց ձմեռային արձակուրդներն են անցկացնում Նիդերլանդներում հունվարի 7-ից մինչև փետրվարի 2-ը՝ Pax kinderhulp կազմակերպության ֆինանսավորման և օժանդակության շնորհիվ:
Հանդիպումը երեխաների հետ կազմակերպել էին Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վարչությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):
Սկզբում երեխաները ներկա գտնվեցին կիրակնօրյա սբ. Պատարագին, որից հետո տեղի ունեցավ համերգ՝ հոլանդահայ երգիչ-երաժիշտների մասնակցությամբ:
Երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու, շփվելու և ընկերանալու իրենց հասակակից հոլանդահայ երեխաների հետ:
Հանդիպումն ավարտվեց ճաշկերույթով, որի ընթացքում երեխաները ստացան բազմաթիվ նվերներ:
Ներկայումս Նիդերլանդներում են գտնվում 40 հայաստանցի երեխաներ, որոնցից 20-ը Վարդենիսի մոտակա գյուղերից են:
Մանուկ Մկրտչյան
Ալմելո, Հոլանդիա