Ադրբեջանը շնորհակալություն է հայտնում Հունգարիային

Ինչպես տեղեկացանք մի շարք լրատվական կայքերից և ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններից, Ադրբեջանի «Հեյդար Ալիև» հիմնադրամը որոշել է միջազգային համագործակցության շրջանակներում հումանիտար ծրագիր իրականացնել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում. Ըստ այդ ծրագրի՝ նախատեսված է նոր կենտրոն կառուցել, որն իր մեջ ներառելու է մանկապարտեզ ու կույրերի համար նախատեսված դպրոց: Այս փաստն արտաքուստ կարող էր շատ սովորական թվալ, քանի որ Ադրբեջանը հատկապես վերջին տարիներին ակտիվացրել է իր գործունեությունը միջազգային նախաձեռնություններում: Մամուլում, ինչպես նաև տարբեր երկրների պաշտոնական փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ միջազգային տարբեր կազմակերպությունների, լոբբիստական կառույցների, եվրոպացի չինովնիկների, պաշտոնաթող ղեկավարների ֆինանսավորմամբ  Ադրբեջանը փորձում է իր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրներ լուծել` այդ ճանապարհին ծախսելով միլիարդավոր դոլարներ: Այս երկրում մշակված է հատուկ լոբբիստական ծրագիր, որի նպատակն է հաստատել այն երևութկանությունը, թե Ադրբեջանը աշխարհի ամենահարուստ և ամենամարդասիրական երկրներից մեկն է, որը պատրաստ է այլ երկրներում ևս իրականացնել ծրագրեր, նպաստել միջպետական երկխոսություններին, Ադրբեջանը վերածել աշխարհի կենտրոններից մեկի:  Անտարակույս, շատ «ներդրումներ» իրենց բնույթով կոռուպցիոն գործարքներ են հիշեցնում, ինչը Ադրբեջանը փորձում է օրինականացնել «միջազգային համագործակցության» շրջանակներում իրականացվող նախաձեռնություններով:

Հունգարիայում իրականացվող ծրագիրը դառնում է չափազանց ուշագրավ, քանի որ 1,5 տարի առաջ` 2012 թվականի սեպտեմբերի 31-ին, Հունգարիան դեպի Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, որը,  ինչպես հայտնի է, 2004 թվականին, Բուդապեշտում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ընթացքում, քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր ենթարկվել: Հունգարական կողմը տարիներ շարունակ հավաստիացնում էր, որ հետևելու է միջազգային օրենքներին և պայմանավորվածություններին և չի իրականացնելու որևէ քայլ, որը կհակասի գործող օրենքներին, ինչպես նաև հնարավորություն կտա Ռամիլ Սաֆարովին հայտնվելու ազատության մեջ: Սակայն Հունգարիայի վարչապետը, գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի իշխանությունների հետ, խախտեց բոլոր պայմանավորվածություններն ու Բաքվին հանձնեց Ռամիլ Սաֆարովին՝ արհամարհելով հնչող պահանջներն ու զգուշացումները: Ադրբեջանում անմիջապես Ռամիլ Սաֆարովին ընդունեցին որպես հերոսի, նրան արտահերթ զինվորական կոչում շնորհեցին, փոխհատուցեցին աշխատավարձը, ապահովեցին նոր բնակարանով, իսկ հետո էլ ուղարկեցին Թուրքիա՝ վերապատրաստման…

Ադրբեջանն այդ ժամանակ օգտվեց Հունգարիայում ստեղծված ծանր ֆինանսական վիճակից, խոստումներ տվեց աջակցել այդ երկրին, հանգամանք, որը «փափկացրեց» հունգարական իշխանություններին, իսկ վարչապետին առիթ տվեց հայտարարելու, որ իրենք շատ շուտով կլուծեն երկրի առջև կանգնած խնդիրները: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Ադրբեջանը Հունգարիային  խոստացել էր ֆինանսական աջակցություն՝ երեք մլրդ. դոլարի չափով: Եվ ահա պաշտոնական Բաքուն կատարում է իր խոստումներն ու արդեն ձեռնամուխ է եղել հումանիտար կենտրոնի կառուցմանը… Հունգարական հանրությունը ոչ միանշանակ է ընդունում այս նախաձեռնությունը, սակայն իշխանությունները հաստատակամ են և պահանջում են Ադրբեջանից՝ խոստումների կատարում: Դժվար է ասել՝  արդյո՞ք որևէ արձագանք կհնչեցվի միջազգային կառույցների կողմից, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանն իր խոստացած կաշառքը Հունգարիային արդեն վճարում է…

Լ.Մ.

Scroll Up