Պլովդիվում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկո 

Ապրիլի 22-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի պատմական Թրաքարթ սրահում Աղավնի Գևորգյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, միջոցառմանը ներկա էին բանաստեղծներ, բժիշկներ, լրագրողներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, որոնք Աղավնի Գևորգյանի կատարմամբ ունկնդրեցին հատվածներ Հովհաննես Շիրազի «Դանթեական» պոեմից: Այնուհետև հնչեց Արա Գևորգյանի «Կանք ու կլինենք»  ստեղծագործությունը՝ բուլղարերեն թարգմանությամբ:

Սրահում ներկա էր բուլղար գրող Կատյա Զոկրաֆովան, որը ներկայացրեց  Բուլղարիայի սիրված բանաստեղծ Պեյո Յավորովի կյանքի այն հատվածը, երբ նա հանդիպում է հայ գաղթականներին:

Միջոցառման մասնակիցներն անդրադարձել են նաև Անդրանիկ Զորավարի հերոսներին: Երեկոն շարունակվել է ասմունքով՝ նվիրված Ցեղասպանության նահատակներին:

«Հայոց ցեղասպանությունից 104 տարի անց այս ցավը մեր սիրտերում բաց վերք է և ամեն տարի մեզ հիշեցնում է մեր անմեղ նահատակների մասին»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Աղավնի Գևորգյանը, և հավելեց, որ ներկաները արցունքոտ աչքերով են հեռացել դահլիճից:

Scroll Up