Մասաչուսեթսի սենատորը շնորհավորել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Վահրամ Նահիկյանի 101-ամյակը

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքի հայկական համայնքը մեծ շուքով տոնել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Վահրամ Նահիկյանի ծննդյան 101-րդ
տարեդարձը: Նահանգային սենատոր Ուիլ Բրաունսբերգերը և Միդլսեքս վարչական շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը մասնակցել են միջոցառմանը և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

«Ինձ համար մշտապես շատ կարևոր և խրախուսելի է եղել հարգանքը վերապրածների նկատմամբ: Այն մեզ հիշեցնում է, թե որքան ենք օգնում մեր մտքում պահելու ցեղասպանությունները կանխարգելելու առաքելությունը»,- ինչպես հաղորդում է
«Արմենպրես»-ը` վակայակոչելով The Armenian Mirror-Spectator շաբաթաթերթը, նշել է սենատորը:

«Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ հանդիպումը անհավանական փորձառություն է ինձ համար: Երբ նայում եմ նրանց աչքերին, կարծես տեսնում եմ այն բոլոր սարսափները, որ տեսել են այդ աչքերը, լսում օգնության աղերսանքի ճիչերի
արձագանքը, ինչն այդպես էլ չստացան: Եվ երբ տեսնում եմ, որ այդ աչքերը դեռ ունակ են ժպտալու և նայելու ցավից այն կողմ, ապա խոնարհվում եմ մարդկային ոգու հզորության և տոկունության առաջ»,- նշել է հավաքույթի կազմակերպիչ Լալիգ Մասերյանը:

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված Վահրամ Նահիկյանի պատմությունը ներկայացրել է նրա թոռնուհի Անայդե Նահիկյանը` նշելով, որ իր պապը մարմնավորում է նաև նախորդ երկու սերունդների հանդեպ իրականացված հալածանքներն ու կրած զոհաբերությոնները: Վահրամ Նահիկյանի հայրը` մտավորական Նշան Նահիկյանը, ընտանիքի մյուս անդամների հետ սպանվել էր 1915
թվականին, իսկ պապը` քահանա Տեր Վահրամ Նահիկյանը, 1895 թվականների համիդյան ջարդերի ժամանակ զոհվել էր հանուն իր հավատի:

«Մեր ընդհանուր անցյալի ժառանգությունն այսօր կենդանի է մեր բոլորի մեջ: Մենք շարունակում ենք վերակառուցել մեր համայնքները և նպաստել դրանց զարգացմանը` ներկայացնելով քրիստոնեական մեր հավատի տոկունությունը, ընտանեկան արժեքները և մեր հայկական ժառանգությունը»,- ասել է Անայդե Նահիկյանը:

http://armenpress.am

Scroll Up