«2016-ի ապրիլը մեր հայրենիքը նորովի վերարժևորելու ընթացք էր». Բաբկեն Բեր Գրիգորյան

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 3 տարի: Այդ առիթով ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցն է: Մեզնից յուրաքանչյուրի համար այս պատերազմը ցավի ու հպարտության, կորստի ու հաղթության պատմություն է: Մեզնից յուրաքանչյուրի համար 2016-ի ապրիլը պատմության նոր էջի, նոր դասի, մեր հայրենիքն ու մեր սահմանները նորովի վերարժևորելու ընթացք էր: Բայց ամենից առաջ Ապրիլյան հերոսամարտը պատգամ էր մեզ՝ ամեն օր մեր երկու հայկական պետությունների համար ավելի լավ ծառայելու, որպես քաղաքացի կայանալու, անընդհատ առաջ գնալու:

2016-ին մենք տեսանք սխրանքի ու կամքի աներևակայելի դրսևորում, մենք տեսանք սպայի ու զինվորի նվիրումը, ուժը, անպարտելիությունը: Մենք հավատացինք ինքներս մեզ, ի վերջո, մենք մի բռունցք դարձանք: Մեր կողքին կանգնեց մեր հզոր սփյուռքը, և աշխարհում կրկին վառվեց հայկական մեծ, անսահման մեծ ոգին:

Խոնարհվում եմ պատերազմի բոլոր զոհերի հիշատակի առջև: Բարձունքը մե´րն է, և դո´ւք էլ կաք: Ու հավերժ կլինեք, քանի դեռ աշխարհում ծաղկում են Հայաստանը, Արցախն ու հայկական Սփյուռքը»:

Scroll Up