ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում Կիպրոսում

Հոկտեմբերի 20-ին Կիպրոսի նախագահական նստավայրում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքի միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելու հայկական, կիպրական և հունական սփյուռքների միջև կապերի ակտիվացմանն ու համագործակցության սերտացմանը, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հանդես գալ միասնական գործողություններով և աջակցել միմյանց տարբեր խնդիրների լուծման գործում:

Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշել է, որ համագործակցելով` կարելի է առավել արդյունավետ օգտագործել երեք երկրների Սփյուռքի ներուժը:

Կողմերը համաձայնել են նպաստել ակադեմիական ինստիտուտների, մշակութային կենտրոնների, լրատվական խմբերի և գիտական կենտրոնների միջև համատեղ տեղեկատվական փոխանակման նախաձեռնությունների և նախագծերի խթանմանը, որոնք նպատակ ունեն նպաստելու Սփյուռքի հետ կապված հարցերի աշխուժացմանը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքին լրագրողներին են ներկայացրել քննարված թեմաները:

 

Scroll Up