100 տարի անց ևս նույն ռիթմը պետք է շարունակվի. Գառնիկ Մկրտիչյան

2018 թվականը հոբելյանական էր Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) համար: Լրացավ 1918թ. Կ. Պոլսում հիմնադրված կառույցի մեկդարյա հոբելյանը, որն անցնող ամիսների ընթացքում մեծ շուքով նշվեց աշխարհի տարբեր քաղաքներում: Սակայն ՀՄԸՄ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների գագաթնակետը հուլիսի 19-29-ը Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ տեղի ունեցած միջոցառումներն էին: Ամռանը քաղաքամայր Երևանը հյուրընկալեց շուրջ 3000 ՀՄԸՄ-ականների աշխարհի տարբեր երկրներից:

ՀՄԸՄ-ի 100-ամյա գործունեության, Հայաստանում կայացած միջոցառումների շուրջ է «Հայերն այսօր»-ի հարցազրույցը ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի հետ.

– 100 տարիները բավականին փոթորկալի են եղել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատմության մեջ: Մեկդարյա կառույցը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո՝ Պոլսում, որպեսզի որբախնամ աշխատանքներով զբաղվի, հավաքի Ցեղասպանության որբերին: Կազմակերպության շուրջ հավաքված գործիչները լծվել են աշխատանքի, նրանցից ոմանք Նիկոլ Աղբալյանի հրավերով եկել են Հայաստան, որոնցից մեկի՝ Չերազի արձանը ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ամռանը բացվեց Գյումրիում:

Այս տարի աշխարհի տարբեր երկրներում կայացած ձեռնարկների նպատակը պատմությունը մեկ անգամ ևս հիշեցնելն էր ժողովրդին: Մենք բավականին ծանր պայմանների միջով անցած միություն ենք: Երբ 1921 թվականի տխրահռչակ որոշմամամբ այն «դուրս մղվեց» Հայաստանից, գնաց-դարձավ Սփյուռք: Աշխարհի տարբեր երկրներում ապաստանած մարդիկ նորից քով-քովի գալով՝ ստեղծեցին մասնաճյուղեր: Ցեղասպանության որբերից, տարագիր ժողովրդից ծնված խումբը Սփյուռքում ստեղծեց ակումբներ, սկաուտական շարժում, մարզական խմբեր և քայլեցինք արդեն 100 տարի:

Աշխարհի որ ծայրում հայերը հաստատվել են՝ ՀՄԸՄ-ի մասնաճյուղ են ստեղծել: Այսպես, մինչև 1970-ական թվականները, երբ որոշվեց համագաղութային կառույց ստեղծել: 1975 թվականին մենք հիմնեցինք համագաղութային կառույց, որն ավելի կազմակերպված աշխատանք տանելու նպատակով մեկտեղեց աշխարհի տարբեր երկրներում գործող միությունները՝ Ավստրալիայից մինչև Արգենտինա, Ամերիկա, Եվրոպա, Միջին Արևելք:

Շարունակելով մեր ուղին՝ հասանք 1990-ական թվականներ՝ Հայաստանի Անկախություն, և ՀՄԸՄ-ը վերադարձավ հայրենիք՝ ՀԱՍԿ-ի  (Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպություն) վարչության տեսքով:

Որբախնամ աշխատանք կատարողից մենք վերածվեցինք «որբացած» գաղութների աշխատանքները համակարգող կառույցի: ՀՄԸՄ-ն որպես առաքելություն որդեգրեց՝ ազգային միության շուրջ հավաքել այն բոլոր մասնաճյուղերը, որոնք գործում էին աշխարհի տարբեր երկրներում:

100 տարվա ընթացքում Սփյուռքում մեզ համար կարևոր էր հայապահպանությունը: ՀՄԸՄ-ը պահեց Եռագույն դրոշը, կանոնավոր բանակի գաղափարը: Մենք տարիներ շարունակ (մինչ Հայաստանի անկախացումը) տողանցք կատարեցինք Սփյուռքի տարբեր համայնքներում՝ ասելով՝ Հայաստանը բանակ չունի, բայց մենք Հայաստանի կամավոր բանակն ենք:

Անցնելով բազմում փորձությունների միջով՝ ՀՄԸՄ-ը, բնավ, հետ քայլ չկատարեց, հակառակը՝ մեծացավ, ավելի ծանր պայմաններում ինքն իրեն հավաքեց, և այսօր հպարտությամբ հայտարարում ենք, որ ավելի քան 26 հազար անդամ ունի միությունը:

– Պարո´ն Մկրտիչյան, ասացիք, որ միությունն իր շուրջն է համախմբել աշխարհի տարբեր երկրներում գործող մասնաճյուղերը: Կա՞ն երկրներ, քաղաքներ, որտեղ դեռևս հնարավոր չի եղել մասնաճյուղեր ստեղծել, միավորել միության շուրջ:

– Առավելաբար «որբացած» համայնքները եվրոպական երկրներն էին, որտեղ հատկապես վերջին տարիներին բավականին մարդիկ էին գնացել Իրաքից, Սիրիայից և տեղեկություններ չունեին միմյանց մասին: ՀՄԸՄ-ը պատճառ դարձավ, որ նրանք մեկ դրոշակի, ակումբի, միության շուրջ համախմբվեն:

Նոր-նոր ենք սկսել աշխատանքներ իրականացնել Ռուսաստանում: Մոսկվայում ունենք մասնաճյուղ, իսկ ՌԴ 6 քաղաքներում միայն կորիզներ ենք ցանել և դեռ անելիքներ շատ կան: Ռուսաստանում բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանից մեկնածները: Ամերիկայի, եվրոպական երկրների նման այստեղ էլ մեծ է լեզվի նահանջը: Այս համայնքներում է, որ հայապահպանությունն ամուր հիմքերի վրա պետք է դրվի: Հուսանք, որ այդ բոլոր աշխատանքները կփորձենք կարելի չափով կատարել:

– Սփյուռքում տարբեր միություններ, ակումբներ են գործում: ՀՄԸՄ-ականն ինչո՞վ է տարբերվում:

– Ժողովուրդն է տվել իր գանահատականը ՀՄԸՄ-ին: Համաշխարհային մակարդակով ես չեմ տեսել մի կազմակերպություն, որտեղ 3 տարեկանից մինչև 93 տարեկանը միմյանց եղբայր են ասում: 3 սերունդ իրար եղբայր է կոչում, և բոլորը միութենական հավասար իրավունքներ են վայելում:

Սա գերմարդկային պատմություն է, որի արժեքը մենք գիտենք և ցանկանում ենք, որ մեր շրջապատն էլ իմանա:

Չեմ թերագնահատում մյուս կազմակերպություններին, բոլորն էլ իրենց աշխատանքը ունեն հայ ժողովրդի կազմակերպման, հայապահպանության գործում, բայց այն, ինչը տրվել է ՀՄԸՄ-ին՝ ժողովուրդն է տվել: Մեր շուրջը հավաքված մարդիկ են մեզ գնահատել և կոչում տվել՝ որպես կամավոր բանակի և ազգապահպանման գործուն կազմակերպություն:

– Պարո´ն Մկրտիչյան, կարո՞ղ եք նշել այն մարդկանց անունները, որոնք այս 100 տարիների ընթացքում իրենց ծավալած գործունեությամբ դուրս են եկել միութենական շրջանակից՝ դառնալով ազգային գործիչներ:

– Չեմ ցանկանում անուններ նշել, որպեսզի չմոռանամ նրանցից որևէ մեկին: ՀՄԸՄ-ականը միշտ էլ իր լավագույնն է փորձել տալ ժողովրդին, ազգային իրավունքներին:

Սա է պատճառը, որ ՀՄԸՄ-ական մարդուն մատով են ցույց տվել Սփյուռքում: Հույս ունենք, որ կգա մի օր և Հայաստանում նույնպես այդպես կլինի: Կասեն՝ այս մարդը ՀՄԸՄ-ական է, որովհետև աշխատել է, հոգնել, երբեմն հալածվել է, բայց տեղի չի տվել և հասել է մինչև գագաթնակետ:

Ինչպես ասացի, չեմ ուզում անուններ տալ, բայց մենք ունեցել ենք երրորդություն՝ Գրիգոր Հակոբյան, որը Փարիզում է թաղված և ազգային իմաստով մեծ գործունեություն է ծավալել, Հովհաննէս Հինդլյան, որը Պոլիսում է գործել և Շավարշ Քրիսյան, որը թեև զոհ է գնացել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, բայց նրա գաղափարախոսությունն էին իր ընկերները որպես հիմք ընտրել՝ Պոլսում ստեղծելով միությունը:

Սփյուռքում ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շատ անձնավորություններ ենք ունեցել, որոնք փորձել են ո´չ միայն օգտակար լինել հայկական համայնքին, այլև իրենց աշխատանքով, երբեմն պետական պաշտոններով՝ բարձր պահել հայ ժողովրդի նկարագիրը և հավատարիմ մնալ միության նշանաբանին՝ «Բարձրացի´ր, բարձրացրո´ւ»:

– Ինչպես ինքներդ նշեցիք, Հայաստանի Անկախությունից հետո ՀՄԸՄ-ը վերադարձավ հայրենիք: Վերադառնալուց հետո ի՞նչ փոխեց և ի՞նչ տվեց նորանկախ Հայաստանին:

– Իհարկե, սկզբում որոշ դժվարություններ ունեցանք, որովհետև մեզ դիտում էին որպես արտասահմանյան կառույց: Բայց կարողացանք կամաց-կամաց հարթել մեր ճանապարհը: Հայաստանում այսօր երկու բանակավայր ունենք՝ Բյուրականում և Երևանում:

Քանի որ համասփյուռքյան և համաշխարհային մակարդակով ճանաչում ունենք, մենք Հայաստանում դարձանք այն կազմակերպությունը, որը ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի միջոցով Հայաստանը այսօր ներկայացնում է համաշխարհային սկաուտական կազմակերպությունում:

ՀՄԸՄ-ը շատ մարդկանց է դաստիարակել: Մենք երբեք չենք ձգտել մեծ թիմ հավաքել, մեզ համար կարևոր է որակը պահել: Մեր միությանն անդամագրված պատանիները, երիտասարդները վաղ տարիքից ծանոթանում են սկաուտական, բանակային կյանքին: Երբ զորակոչվում են Հայոց բանակ, անմիջապես տարբերվում են իրենց ընկերներից, ինչը նաև նրանց հրամանատարներն են փաստում: Այսօր ՀԱՍԿ-ի 6 անդամ ծառայում է սահմանագծում:

Դժբախտաբար, զորացրվելուց հետո մենք հաճախ կորցնում ենք այդ տղաներին: Բանակից վերադառնալուց հետո նրանք ցանկանում են իրենց գործը հիմնել, տուն կառուցել, ամուսնանալ և կամաց-կամաց սկսում են հեռանալ կազմակերպությունից:

Հիմա փորձում ենք Հայաստանում նաև վարչական հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ երիտասարդները միության մեջ հասարակական, վարչական գործով զբաղվեն: Հուսամ՝ այն սփյուռքահայերը, որոնք եկել են Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից, կկարողանան ղեկավարել ՀԱՍԿ-ի վարչությունը թե´ Երևանում, թե´ մասնաճյուղերում՝ Գյումրի, Արմավիր, Էջմիածին, Հրազդան և այլն:

– Պարո´ն Մկրտիչյան, ՀՄԸՄ-ի 100-ամյակի միջոցառումների գագաթնակետն ամռանը՝  հուլիսի 19-29-ը Հայաստանում կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումներն էին: Փորձենք ամփոփել դրանք:

– Մենք 2 տարի է՝ ծրագրում էինք այդ աշխատանքները, նախկին իշխանությունների ժամանակ բավականին գործ էինք կատարել: Շատ մտահոգ էինք գարնանը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից: Անգամ որոշել էինք, եթե հնարավոր չլինի իրականացնել՝ միջոցառումները կազմակերպենք այլ վայրում: Բանակումը կատարենք Հայաստանում, իսկ ձեռնարկները, որևէ այլ առիթով իրականացնենք:

Երբ մայիսին՝ Թավշյա հեղափոխությունից հետո եկա Հայաստան, դիմեցի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ի ուրախություն մեզ, երկուսն էլ շեշտեցին միջոցառումների անցկացման կարևորությունը, նախագահը նաև պատրաստակամություն հայտնեց ստանձնելու նախագահությունը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, կարող եմ ասել, որ նախարար Մխիթար Հայրապետյանը բավականին արագ մեզ հետ սկսեց աշխատել, վերականգնեց նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի օրոք ստեղծված գերատեսչական մարմինը, որով մենք կարողացանք մի փոքր դժվարությամբ, բայց արագորեն մեր ծրագրերն իրականացնել:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել անվտանգության մարմինների գործը, որոնք շատ լուրջ աշխատանք կատարեցին:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետին, նախագահին, կառավարության մյուս անդամներին, բոլոր գերատեսչական մարմիններին, որոնք այս կամ այն կերպ փորձեցին օգտակար լինել:

Անդրադառնամ ձեռնարկներին: Բյուրականում բացված հուշաքանդակը յուրատեսակ խորհուրդ ուներ մեզ համար: ՀՄԸՄ-ը Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով նույն հուշակոթողից զետեղել էր Դեր Զորում: Ափսոս, որ թուրքը կործանեց այն: Այն վերականգնելու համար տարբեր ծրագրեր էինք նախագծում: ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչությունը որոշեց հուշակոթողը զետեղել կենտրոնական բանակավայրում՝ Բյուրականում, որպես հիմնական ուխտատեղի, որի վրա արձանագրված են մեր 110 մասնաճյուղերի անունները:

Ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած արարողությունը հիշատակության իմաստով ամենագագաթնակետին հասած ձեռնարկն էր: Փարիզից, Անթիլիասից, Պոլսից ու Արարատի գագաթից բերված ջահերը վառելու, հուշահամալիրում եղևնի տնկելու, միության հիմնադիրների շիրիմներից բերված մեկական ափ հող զետեղելու արարողությունները փաստում են, որ յուրատեսակ խորհրդանիշ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալիրում միմյանց շաղախեցինք մեր պատմությունը, միասնականությունը, Հայաստան-Սփյուռք գործակցությունը դարձավ շատ ավելի ամուր հասկացողություն: Ցանկացանք փաստել, որ Սփյուռքը Հայաստանից այլևս պետք չէ անջատել, իրար շաղախված լինելուց բացի, պետք է մեկ մարմին դառնանք:

ՀՄԸՄ-ի 100-ամյակի առիթով ցանկացանք մեր տուրքը մատուցել Վահան Չերազին՝ Գյումրիում բացելով նրա արձանը: Չերազը մեզ համար պատմական դեմք է, և նրա հիշատակը պետք է անմար մնա:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում մեծ շուքով  կայացավ ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը: Ներկա  էին  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ  Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ Ա-ի գավազանակիր Հոգեշնորհ Տեր Պետրոս վարդապետ Մանուելյանը, ՀՅԴ Բյուրոյի  անդամ Բենիամին Պչաքճյանը և բարձրաստիճան  այլ հյուրեր:

ՀՄԸՄ-ի 100-ամյակի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ տողանցք՝ ՀՄԸՄ 11-րդ բանակումի մասնակիցների մասնակցությամբ, ցուցահանդեսի բացում՝ Հայոց ցեղասպանության թանգարանում, գիտաժողով՝ նվիրված ՀՄԸՄ-ի հիմնադրմանը, կազմավորմանը և տարածմանը, դրոշմանիշի մարում, Լիսբոնի տղաների հիշատակության օրը կազմակերպեցինք հիշատակի երեկո:

Հուլիսի 28-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ դրոշների իջեցման արարողությունը և փոխանակումը. ՀՄԸՄ-ի դրոշը ի պահ տվեցինք Հայոց ցեղասպանության թանգարանին, իսկ Եռագույնը տարանք Լիբանան: Այն տեղ է գտել մեր թանգարանում՝ որպես հիշատակ 100-ամյակին նվիրված միջոցառումների: Նույն օրը երեկոյան Բյուրականում տեղի ունեցավ բանակումի փակման հանդիսությունը:

– Պարո´ն Մկրտիչյան, ինչե՞ս եք տեսնում ՀՄԸՄ-ի նոր հանգրվանը:

– Գալիք օրերը մեզ համար զուտ մարտահարավեր են: 100 տարի անց էլ միութենական, կազմակերպչական նույն ռիթմը պետք է շարունակվի: Այս ամենին զուգահեռ մեզ նոր գործ է սպասվում. համաշխարհայնացման քաղաքականության պայմաններում փորձել հասկանալ, թե ինչպես կարելի է նոր երիտասարդության հետ հարաբերվել:

Այս բոլոր աշխատանքները պետք է կատարենք առանց շեղվելու մեր գաղափարախոսությունից, միութենական հասկացողությունից և կարգապահությունից: Հուսանք, որ երիտասարդությունը միշտ մեր կողքին կլինի, մենք էլ՝ իրենց կողքին զուգահեռաբար կքայլենք՝ մեր աշխատանքներն առաջ տանելով:

2019-ի սեպտեմբերին տեղի է ունենալու ՀՄԸՄ-ի պատգամավորական ժողովը: Կընտրվի կենտրոնական նոր վարչություն, և կկատարվի առաջիկա 4 տարիների ծրագրումը՝ նոր գործելոճ, նոր աշխատանք, նոր ընթացք:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up