Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը եգիպտական հեղինակավոր «Ալ-Ախբար» թերթին

«Հայերն այսօր»-ը թարգմանաբար ներկայացնում է եգիպտական «Ալ-Ախբար» թերթի հարցազրույցը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ:

– Պարո´ն Հայրապետյան, որքա՞ն է հայերի թիվն աշխարհում, նրանցից քանի՞սն են բնակվում Եգիպտոսում:

– Ժամանակակից հայկական սփյուռքը հաշվվում է շուրջ 7 մլն մարդ, որոնց թվում են՝ 1915-1923թթ.. Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից փրկվածները, նրանց ժառանգները, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին խորհրդային տարածքում բնակվող հայերը և ՀՀ անկախության ձեռքբերումից հետո երկրից արտագաղթածները: Իսլամացած հայերի թիվը հաշվվում է շուրջ 2 մլն մարդ, որոնք հիմնականում բնակվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում (հիմնականում՝ բռնի իսլամացված հայեր), Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում:

Եգիպտոսում հայերը հաստատվել են դեռևս 2-3-րդ դարերում: Մերօրյա եգիպտահայերը մեծամասամբ Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են, որոնք հիմնականում կենտրոնացած են Ալեքսանդրիայում և Կահիրեում: Մինչև 1952 թ. մոտ 60 000 հայ էր բնակվում այստեղ, այժմ նրանց թիվը կազմում է շուրջ 7 000 մարդ:

Ինչպե՞ս են սփյուռքահայերը նպաստում իրենց երկրի տնտեսության զարգացմանը:

– Թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքում տիրում են դրական տրամադրություններ, լիցքեր, որոնք քիչ-քիչ վերածվում են արդյունքի, հաճախ՝ Հայաստանում սփյուռքահայերի կողմից ներդրումների տեսքով:

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բիզնես անելու կոչով դիմեց աշխարհասփյուռ հայությանը և ընդգծեց, որ Հայաստանում կարելի է գործել, վաստակել, զարգանալ՝ օրինական և հավասար դաշտում: Սփյուռքի ներկայացուցիչների հետ բազում հանդիպումների ընթացքում ևս հաճախ նշում եմ, որ Հայաստանը լոկ հուզական տարածք չէ, այն ժամանակակից պետություն է՝ լայն հնարավորություններով: Եվ ներդրում անելու ու գումար վաստակելու արդյունքում կշահենք բոլորս։ Այս առումով սփյուռքի նախարարությունը ներդրողներին ճիշտ ուղղորդելու, համապատասխան գերատեսչության հետ կապեր հաստատելուն օժանդակելու առումով կատարում է իր գործը:

Միանշանակ է նաև, որ սփյուռքում անվստահության մթնոլորտը կոտրվել է, և մեծ հետաքրքություն կա Հայաստանի բիզնես հնարավորությունների հանդեպ: Այսօր էլ շատ սփյուռքահայ գործարարներ հայրենիքում գործարաններ են հիմնում, ներդրումներ անում նորարական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության բնագավառներում:

Ինչպե՞ս եք պատկերացնում եգիպտական կառավարության հետ համագործակցությունը՝ եգիպտահայերին մեծարելու միջոցառում կազմակերպելու  ուղղությամբ (սեպտեմբերի 26-ին կայացած միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը- Հ.Ա.):

– ՀՀ սփյուռքի նախարարությունը ողջունում և խորապես գնահատում է եգիպտական պետության կողմից նախաձեռնած՝ եգիպտահայ համայնքին նվիրված միջոցառման իրականացումը: Համոզված եմ՝ նման նախաձեռնությունը մեծ ոգևորություն կառաջացնի հայ համայնքում և առավել կջերմացնի Հայաստան-Եգիպտոս բարեկամությունը:

Ինչո՞վ է կարևոր հայեգիպտական դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը:

– Հայ-եգիպտական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Տարիների ընթացքում հաստատված բարիդրացիական հարաբերությունները միայն նպաստում են բարեկամ երկրների միջև տնտեսական, զբոսաշրջային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև երկրում հայ համայնքի նկատմամբ արդեն իսկ հաստատված բարյացակամ վերաբերմունքի ամրապնդմանը: Եգիպտահայ համայնքին ընդգրկելով «Nostos. The return» ծրագրին՝ հնարավորություն կստեղծի օրըստօրե ծերացող և նոսրացող հայ համայնքի երիտասարդությանը վերադարձնել իր արմատներին:

Մինչ եգիպահայերի մեծարանքի միջոցառումները, արդյո՞ք նախկինում այլ երկրներում ևս կազմակերպվել են սփյուռքահայերին մեծարելու միջոցառումներ:

– Անցնող տարիների ընթացքում տարբեր երկրներում բազմիցս կազմակերպվել են հայ համայնքների մեծարման միջոցառումներ, օրինակ՝ ՌԴ-ում 2017թ. աշնանը ՌԴ և ՀՀ մշակույթի նախարարությունների կողմից իրականացվել է «Հայաստանի մշակույթի օրեր»,  2018թ. Փարիզի քաղաքապետարանի կողմից Տլիմսեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին վերանվանվել է հայազգի կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանի անունով և այլն:

Անցած տարի Լեհաստանի Սեյմը, նշելով Լեհաստանում հայ համայնքի 650-ամյակը, իր երախտիքը հայտնեց հայ համայնքին և ընդունեց հատուկ բանաձև՝ այդպիսով մեկ անգամ ևս գնահատելով հայերի՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարությունը։ Նման միջոցառումների ցանկը կարելի է երկար շարունակել: Սա նաև պայմանավորված է նրանով, որ հայերը, որ երկրում էլ բնակություն են հաստատել, փորձել են իրենց ներդրումն ունենալ տվյալ երկրի զարգացման գործում:

Ինչպե՞ս է իրականացվում Հայաստանի կառավարության և սփյուռքահայերի/արտագաղթածների համագործակցությունը:

– Սփյուռքի հայ համայնքների և ՀՀ կառավարության միջև մշտական կապը և գործակցությունը իրականացվում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ անմիջական կապի, ինչպես նաև տվյալ երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկությունների միջոցով: Թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր տրամաբանություն ու օրակարգ է առաջ բերել: Այս տարի արդեն նախարարությունը նոր ծրագրեր է մեկնարկել՝ հատկապես շեշտադրելով սփյուռքահայ երիտասարդների հետ տարվող աշխատանքերը:

Scroll Up