Սփյուռքի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Դեկտեմբերի 14-ին սփյուռքի նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը և գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
Ըստ հուշագրի՝ կողմերը Հայաստանի հանրային կյանքում սփյուռքահայ երիտասարդների ներգրավման և Հայաստանի ու սփյուռքի միջև գործակցության խթանման ուղղությամբ համատեղ համագործակցության պատրաստակամություն են հայտնում և կարևորում հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունը ապահովող գործընթացների զարգացումը, հայրենադարձների ինտեգրման աջակցության անհրաժեշտությունը, Հայաստանում ու սփյուռքում հայրենադարձությունը խթանող միջավայրի ձևավորումը և սկսնակ ձեռնարկատիրության զարգացումը:
Այս համագործակցությունը նպատակ ունի բարձրացնել կողմերի՝ վերոնշյալ ոլորտների զարգացմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը:
Սփյուռքի նախարարությունը և Գործարարության աջակցման գրասենյակը կհամագործակցեն մասնավորապես նախարարության նախաձեռնած «ՆերՈւժ» սփյուռքահայ երիտասարդների ստարտափ ծրագրի շրջանակներում` նպատակ ունենալով հնարավորություն ապահովել հայազգի ձեռներեցների համար սթարթափերը բերել Հայաստան և երկրում բարելավել սթարթափերի էկոհամակարգը:
Գրասենյակը «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում նախատեսում է աջակցնել սկսնակ ընկերություններին բիզնես մոդելների ձևավորման փուլում, ուղղորդել նրանց բիզնեսի գրանցման և հարկային համակարգի ընտրության հարցում, «Իմփաքթ Հաբ Երևան»-ի կողմից անցկացվող ինկուբացիոն շրջանում աջակցել սկսնակ ընկերություններին ֆինանսական և գործառնական հարցերով: