Տեղի ունեցավ «Բանակում» ճամբարի փակման արարողություն
Սեպտեմբերի 23-ին Հանքավան համայնքի «Անի Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տարածքում տեղի ունեցավ ՍԴՀԿ Հայ մարմնամարզական միության սկաուտական շարժման կազմակերպած «Բանակում» ճամբարի փակման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկան ՍԴՀԿ Հայաստանի շրջանային վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, ՀՄՄ կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանը:
Բանակումի մասնակիցներին ողջունեց նաև սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը: Նա մասնավորապես նշեց. «Անչափ ուրախ եմ տեսնել ձեզ Մայր Հայրենիքում: Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող Հայ մարմնամարզական միությունն իր ձեռնարկներով ամուր է պահել հայկական համայնքները: Այս բանակումը Հայրենիքում անցկացնելը հայկական Սփյուռքի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու, դրական լիցքեր ստանալու և նոր մտահղացումներ իրականացնելու համար յուրօրինակ ազդակ է: Վստահ եմ, որ Հայ մարմնամարզական միությունը շարունակելու է ազգապահպան ոգով դաստիարակել բազմաթիվ սերունդներ, ովքեր անմնացորդ կծառայեն ազգին և Հայրենիքին: Մենք մշտապես սիրով սպասում ենք ձեզ և միասին, համատեղ ջանքերով շենացնելու և առավել հզորացնելու ենք մեր բոլորիս Հայաստանը»: