Տեղի ունեցավ ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված հանրային պաշտոնական հանդիսություն
Հուլիսի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՄԸՄ 100-ամյակին և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին նվիրված Հանրային պաշտոնական հանդիսություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի գավազանակիր Հոգեշնորհ Տեր Պետրոս վարդապետ Մանուելյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը և բարձրաստիճան այլ հյուրեր:
Հայաստանի Հանրապետության Օրհներգից և Տերունական աղոթքից հետո՝ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շնորհավորելով ՀՄԸՄ 100-ամյակը՝ վարչապետը մասնավորապես նշեց, «Խիստ խորհրդանշական է, որ ՀՄԸՄ 100 ամյակը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում: Վերջերս Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ըստ էության կյանքի է կոչել ՀՄԸՄ կարգախոսը՝ «Բարձրացի՛ր և բարձրացրո՛ւ»: Հայաստանում խեղճացած քաղաքացին վեր կացավ, բարձրացավ և բարձրացրեց իր հայրենիքը, հայրենիքի անունը, իր կարգավիճակը սեփական հայրենիքում: ՀՄԸՄ-ն շատ կարևոր դեր է ունեցել մեր ժողովրդի պատմության մեջ: Զբաղվել է որբախնամ առաքելությամբ, հայապահպան առաքելությամբ: Կոստանդնապոլսում հիմնված ՀՄԸՄ-ի 100–րդ տարեդարձը այսօր նշվում է ազատ և անկախ Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը և մեր երեխաները»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի ուղերձն ընթերցեց Հոգեշնորհ Տեր Պետրոս վարդապետ Մանուելյանը: Ելույթներով հանդես եկան նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը: Այնուհետև տեղի ունեցավ ՀՄԸՄ հիմնադիր նվիրյալների ժառանգների պարգևատրման արարողությունը: