Հայրենիքին անհրաժեշտ է համայն հայության ներուժը. Մխիթար Հայրապետյան

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքը ՀՀ անկախության տոնի առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:

Անկախ պետականությունն ավելի քան 5 հարյուրամյակ նվիրական երազանք էր հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակի համար: Երազանք, որ մեր հերոսական նախնիների շնորհիվ իրականություն դարձավ մեկ դար առաջ, և այս տարի աշխարհասփյուռ հայությունը մեծ շուքով տոնում է Սարդարապատի և Բաշ-Ապարանի հերոսամարտերով կերտված Հայոց պետականության 100-ամյա հոբելյանը:

Հանուն Հայրենիքի մղված հերոսամարտերում մեր նախնիները հաղթանակեցին, քանզի գործեցին հստակ գիտակցությամբ՝ Հայոց պետականությունն է մեր ազգային ինքնության պահպանման և հարատևման միակ գրավականն ու երաշխիքը: Միայն անկախ պետականություն ունենալով, Հայրենի պետության շուրջ համախմբվելով՝ Հայը կարող է թևեր տալ համազգային երազանքներին ու նպատակներին:

Մեր նախնիները հաղթանակեցին, քանզի ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում միակ ելքը սեփական ձեռքերով սեփական ճակատագիրը կերտելն էր:

Նույն տեսլականն էր առաջնորդում մեր պապերին ու հայրերին նախորդ դարի 90-ականներին, երբ իրենց կյանքի գնով մեզ վերադարձրին անկախ Հայրենիքում ապրելու և արարելու մեր իրավունքն ու արժանապատվությունը՝ այն ամրագրելով համաժողովրդական հանրաքվեի «այո»-յով:

Նույն համաժողովրդական կամքն ու վճռականությունը 27 տարի անց իրականություն դարձրեց ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը՝ այս անգամ սեփական Հայրենիքում ժողովրդի սեփական իշխանությունը վերահաստատելու նպատակով:

Այսօր Հայաստանում լուրջ բարեփոխումների ժամանակաշրջան է: Հայրենի պետությունն ընթանում է ազատ, ժողովրդավար, իրավական պետություն դառնալու ճանապարհով:

Շոշափելի արդյունք ունենալու համար Հայրենիքին անհրաժեշտ է համայն հայության ներուժը՝ արդիական գաղափարների, տաղանդի, կարողությունների ներդրման ձևով:

Ուրեմն, եկե՛ք մեր ներդրումն ունենանք Հայրենիքի զարգացման գործում՝ նաև ապրելով և արարելով Հայրենիքում: Եկե՛ք մեր ողջ ներուժն օգտագործենք ի նպաստ Հայաստանի և Արցախի, եկե՛ք էլ ավելի ամրապնդենք կապն առ Հայրենիք, եկե՛ք դառնանք էլ ավելի հայակենտրոն՝ միասին կերտելով մեր երազանքի Հայաստանը: Հզոր Հայաստանի կերտմանը զուգահեռ մենք պետք է հաղորդակից լինենք Սփյուռքի խնդիրներին, համատեղ մշակենք լուծման տարբերակներ, խորացնենք կապը սփյուռքյան կառույցների հետ, ընդլայնենք համահայկական ծրագրերի մշակման և իրականացման գործում սփյուռքյան անհատների և կազմակերպությունների մասնակցության շրջանակը՝ ամրապնդելով և որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայրենիք-Սփյուռք գործակցությունը, քանզի ուժեղ է Հայաստանը, երբ ուժեղ է Սփյուռքը և ուժեղ է Սփյուռքը, երբ ուժեղ է Հայրենիքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս համազգային այս մեծ տոնի առթիվ: Տոն, որ այս տարի, առավել քան երբևէ, լիարժեք իմաստ և բովանդակություն է ձեռք բերել՝ ընդգծելով մեր դարավոր երազանքի իրական նշանակությունն ու կարևորությունը:

Ուրեմն, կեցցե՛ հայ ժողովրդի միասնական կամքով արտահայտված անկախությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցեն Արցախն ու Սփյուռքը, կեցցենք մենք, որ ապրում և ապրելու ենք ազատ, անկախ և երջանիկ Հայաստանում:

Scroll Up