Չինահայերը հնարավորինս պահպանում են հայկական Ամանորի ավանդույթները.Մհեր Սահակյան
«Հայերն այսօրը» Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին շարունակում է անդրադառնալ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին, ովքեր,Հայաստանից հեռու գտնվելով, պահպանում են Նոր տարին նշելու հայկական սովորույթներն ու հոգևոր խորհուրդը:
Այս անգամ Չինաստանի հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանը պատմում է չինահայերի հայկական Ամանորի մասին:
-Ի՞նչ խորհուրդ ունի Ամանորն ու Սուրբ Ծնունդը Ձեզ համար:
-Ամանորն ու Սուրբ Ծնունդը նորի սկիզբ են խորհրդանշում:Դա նշանակում է, որ ամեն ինչ կարելի է սկսել նորից ու արձանագրել նորանոր հաջողություներ:Այս օրերին կարելի է խորհել նաև անցած տարվա արդյունքների մասին՝ հետևություններ կատարելով և ուրվագծելով նոր նպատակներ:
-Պարո՛ն Սահակյան, հեռավոր Չինաստանում հայկական ավանդական Ամանորի շունչը զգացվու՞մ է, համայնքում տոնական միջոցառումներ իրականացվու՞մ են:
-Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերը հավաքույթներ են կազմակերպում, միասին դիմավորում Ամանորը, իսկ հետո էլ՝ Սուրբ Ծնունդը:Փորձում են հնարավորինս պահպանել ավանդույթները:
Երկու տարի առաջ՝ դեկտեմբեր ամսին, Չինաստանի հայկական համայնքը տոներին ընդառաջ Պատարագ կազմակերպեց, որի շնորհիվ Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերը միավորվեցին Գուանջոու քաղաքում:Այս պատարագը խորհրդանշական էր, քանի որ մի քանի տասնամյակ Չինաստանի տարածքում հայկական պատարագ չէր մատուցվել:Սա, կարծես, ազդարարում էր նաև Չինաստանում հայապահպանության մեկնարկի ակտիվացումը:
-Ձեր ընտանիքում Ամանորին նախաշեմին ինչպիսի՞ տրամադրություն է տիրում:Ո՞ր ավանդույթներն եք հատկապես պահպանում:
-Աղջիկներիս հետ զարդարում ենք տոնածառը, ապա հետևում ենք չինական ու հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող տոնական միջոցառումներին:Կինս պատրաստում է մի քանի հայկական ավանդական ուտեստ:Օրինակ՝ թփով տոլմա, ապա բացում ենք մի շիշ գինի, շնորհավորում ենք միմյանց, մաղթում նորանոր հաջողություներ և արժևորում Սաթինեի ու Նանեի ուսման բնագավառում ձեռք բերած հաջողությունները:
-Չինացի ծանոթներին, ընկերներին մասնակից դարձնու՞մ եք տոնական օրերին,նրանք ի՞նչ կարծիք ունեն հայկական Ամանորի մասին:
-Մի խումբ չինացի ընկերներ միշտ մասնակցում են Չինաստանի հայկական համայնքի կազմակերպած հավաքույթներին: Նրանցից մի քանիսը հետաքրքված են հայերեն լեզվով, մշակույթով ու տոներով:2016 թվականի աշնանը նրանցից Չենչեն Վանգը, ով երկար ժամանակ սովորում էր հայերեն լեզու, «Չինահայի» ու ՀԱՀ-ի տրամադրած կրթաթոշակի շնորհիվ ժամանեց Հայաստան՝ ուսումը շարունակելու նպատակով:
Չինաստանում նույնպես տոնում են Նոր տարին, բայց նրանց մոտ ավելի սիրված է չինական ավանդական Նոր տարին, կամ ինչպես իրենք են ասում՝ Գարնանային տոնակատարությունը: Կարծես, այս տարի այն հունվարի 28-ին է սկսվելու:
Չինացիները սկսել են նաև Սուրբ Ծնունդն արևմտյան երկրների ավանդույթներով տոնել:Չինաստանի որոշ շրջաններում լայն տարածում է գտնում քրիստոնեությունը, որը նույնպես չինացիների կողմից արևմտյան արժեքների նկատմամբ տածած անթաքույց համակրանքի արդյունքն է:Նրանցից շատերը Սուրբ Ծնունդը տոնում են դեկտեմբերի վերջին՝ ինչպես ընդունված է արևմտյան աշխարհում: Չինացիները մեծամասամբ սահմանափակ տեղեկություն ունեն Հայաստանի ու հայկական ավանդույթների մասին:
Իհարկե, համայնքի ներկայացուցիչները լավագույնս են ներկայացնում Հայաստանը, հատկապես ակտիվ են Չինաստանի հայկական համայնքի ուսանողական միության անդամները, ովքեր բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպում իրենց համալսարաններում, ներկայացնում հայկական մշակույթն ու ավանդույթները:
Վերջին տարիների ընթացքում Չինաստանի հայկական համայնքը բազմաթիվ մշակութային միջոցառումներ է կազմակերպել: Պետք է նշել, որ Չինաստանում հայկականը Չինաստանին ներկայացնելը մեր կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է:
Այս միջոցառումների ընթացքում առաջնահերթությունը տրվում է համայնքում առկա արվեստագետների, ուսանողների ու ակտիվիստների ներգրավվածությանը:
-Ո՞րն է Ձեր բարեմաղթանքը համայն հայությանը:
-Ցանկանում եմ, որ մենք՝ հայերս, լինենք ավելի ակտիվ ու նախաձեռնող, հույսներս դնենք միայն մեզ վրա, յուրաքանչյուր օր կատարելագործենք մեր հմտությունները:
Պետք է հիշել, որ Հայաստանը կզարգանա միայն այն դեպքում, եթե մեզանում ավելանան արժեք ստեղծող մարդիկ:Ուրեմն, մաղթում եմ, որ 2017թ.-ին հայության մեջ ի հայտ գան հմուտ գործարարներ, հյուսներ, խառատներ, բժիշկներ, լրագրողներ, զինվորներ, կառավարիչներ ու գիտնականներ: Իսկ ի՞նչ է պետք այս ամենի համար, պատասխանը մեկն է՝ քրտնաջան աշխատանք, ու նորից կրկնեմ՝ նախաձեռնողականություն:
Ամանորի տոներին մաղթում եմ նաև զերծ մնալ բազմատեսակ ու թանկարժեք ուտելիքներից բաղկացած սպառազինությունների մրցավազքից. սա միայն ընտանեկան բյուջեի անիմաստ վատնում է:Դժվար, թե ինչ-որ մեկին 21-րդ դարում զարմացնենք թանկարժեք ուտեստով կամ խմիչքով: Այդ գումարը կարելի է ծախսել ճանապարհորդության, ուսման ու առողջության համար:
Իսկ Ամանորյա սեղանի լավագույն բաղադրատոմսը հետևյալն է. ստեղծել ուրախ ու սիրալիր մթնոլորտ ընտանիքում, ու Ամանորի գիշերվա հրաշքն անպայման իրականություն կդառնա:Սիրելի՛ հայեր, շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի